Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի առաջին նախագահը «ձեռքերը լվանում է» կամ՝ «եկել եմ ասեմ, որ ինձ վրա հանկարծ հույս չդնեք»

Հայաստանի առաջին նախագահը «ձեռքերը լվանում է» կամ՝ «եկել եմ ասեմ, որ ինձ վրա հանկարծ հույս չդնեք»
Քաղաքականություն
13:27, 17 январь 2022
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին խախտել է տեւական լռությունն ու ներքաղաքական իրավիճակի  վերաբերյալ սեփական բանաձեւն է առաջարկել։ 5 կետանոց այդ բանաձեւում 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրություններում  1,54 տոկոս ստացած ՀԱԿ-ի առաջնորդը նշել է․  «1.Փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը:

2.Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը:

3.Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:

4.Ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:

5.Հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական եւ լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը»:

Թերեւս արժե հայտարարության կետերից մի քանիսը վերլուծել՝ սկսելով առաջինից։  Ըստ այդմ՝ «Փաշինյանական վարչախումբը ամեն գնով փորձում է պահել իշխանությունը»։ Նախ արձանագրենք, որ «փաշինյանական վարչախումբը» իշխանությունը նվեր չի ստացել Կաղանդ պապիկից կամ որեւէ բարեգործից, ոչ էլ գնել է «ընտրաշաբաշի» կամ այլ հայտնի մեթոդներով։ Այդ իշխանությունը ձեւավորվել է ազատ ընտրությունների միջոցով եւ սահմանադրական եղանակով, 680 հազար քաղաքացիների քվեների արդյունքում։  Այնպես որ, քաղաքացու քվեի հանդեպ պետք է առնվազն հարգալից լինել, դրա արդյունքում ձեւավորված իշխանությունն էլ՝ պինդ պահել ու պատասխանատվությամբ լի։ Պարոն նախագահն իր օրում տեսե՞լ է դեմոկրատական աշխարհի գեթ մեկ երկրի գեթ մեկ վարչախմբի, որն ամեն առավոտ արթնանում ու իշխանությունը տաք-տաք կարկանդակի պես առաջարկում է փողոցում ամեն պատահածի։ Եւ երկրորդ՝ երբ Տեր-Պետրոսյանը  խոսում է իշխանության՝ «միջոցների մեջ խտրություն չդնելով» «ամեն գնով» պահման մասին, ապա լրջությունն  ու սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը պահանջում է մանրամասնել, թե հատկապես ինչ է մտնում «ամեն գնով» ասվածի մեջ։ «Փաշինյանական վարչախումբը», չնայած առաջին նախագահի բերանից պարբերաբար հնչող «նորանոր աղետների» մասին գուժանք-կանխատեսումներին, իշխանությունը պահելու ճանապարհին, որքան գիտենք, չի դիմել որեւէ հակասահմանադրական, հակադեմոկրատական միջոցի կամ քայլի՝ չի կեղծել ընտրությունների արդյունքները, «Մարտի 1» չի արել ու հասարակությանը չի սպառնացել այդ ողբերգությունից «դասեր չքաղելով», իրենց սահմանադրական իրավունքներն իրացնող քաղաքացիներին զանգվածաբար չի լցրել բանտերը, կտտանքների չի ենթարկել ու ոչ էլ դատապարտել կեղծ ու շինծու մեղադրանքներով․․․Արդ, եթե խոսք է գնում իշխանությունն «ամեն գնով» պահելու մասին, ապա դրա լավագույն ավանդույթները ձեւավորվել են ոչ այնքան հեռավոր 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Ի դեպ, հայկական ժողովրդավարության սպեցիֆիկայի մասին վկայող այս տարեթիվը հաճախ է սպեկուլյատիվ մեկնաբանությունների տեղիք տալիս։ Հնարավոր առարկումներին մեկընդմիշտ վերջ դնելու համար թերեւս հիշեցնենք իր իսկ՝ առաջին նախագահի «դիագնոզը»․ «1995 թվականից այսկողմ Հայաստանում անցկացված բոլոր ընտրությունները, մեղմ ասած, վիճելի եւ աղմկոտ են եղել։ Բացի սուբյեկտիվ պահերից՝ իշխանությունների կամայականություններից, ընտրակեղծիքներից եւ այլն, դա ունի նաեւ մի օբյեկտիվ պատճառ, որը չհաղթահարելու դեպքում մեր երկրում երբեւէ անաղմուկ եւ վստահություն ներշնչող ընտրություններ չեն լինի։ Խոսքը վերաբերում է ընտրական հանձնաժողովների ձեւավորման սկզբունքին»։ /Լեւոն Տեր—Պետրոսյան, 2007 թ․ նոյեմբերի 16-ի հանրահավաքի ելույթ/։ 

Ինչ վերաբերում է Լ․Տեր-Պետրոսյանի բանաձեւի երկրորդ կետին՝ քոչարյանական եւ սերժսարգսյանական ընդդիմության զավթիչ նկրտումների մասին, ապա այն լրացուցիչ մեկնաբանման կարիք չունի, քանի որ Առաջին նախագահը կարճ, կոնկրետ մեկնաբանել է, մեր պերճախոսությունն այս առթիվ ավելորդ կլինի։ 

Բանաձեւի այն կետը, որտեղ պարոն նախագահը իշխանությանն ու խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում է պետական շահը չգիտակցելու մեջ,  բոլորին նույն սանրով սանրելու՝ ժողովրդական ասացվածքի տրամաբանության մեջ է։ Արժեր, որ պարոն նախագահը մասնավորապես իշխանության մասով երեք անառարկելի փաստ ներկայացներ, որոնք կապացուցեին վերջինիս վարքագիծը՝ պետական շահը չգիտակցելու առումով։ Նաեւ արժեր, որ, նկատի ունենալով ԼՂ խնդրի եւ հայ-թուրքական գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները, առաջին նախագահը պետական շահի գիտակցության խորացված դասընթացներ կազմակերպեր իր բնորոշած ընդդիմության համար, հատկապես, որ ինքը ժամանակին այդ շահի գիտակցման ու դրան չվնասելու գծով «մաստեր կլասս» է ցույց տվել։

Հիշեցնենք՝ 2008-ին ռուս–վրացական հակամարտության կոնտեքստում առաջին նախագահը իր հանրահավաքային ելույթում մասնավորապես հայտարարեց․ «Ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Ղարաբաղյան կարգավորման գործընթացում տեղի ունեցած շրջադարձից հետո, Շարժման ակտիվությունն, ինքնաբերաբար, թուլացնում է Սերժ Սարգսյանի դիրքերը ու դրանով մեծացնում նրա վրա արտաքին ճնշումներ բանեցնելու եւ նրանից զիջումներ կորզելու հնարավորությունը։ Այսինքն՝ վտանգ է առաջանում, որ ընդդիմությունն, իր կամքից անկախ, կարող է գործիք դառնալ արտաքին ուժերի ձեռքին։ Այդ ուժերը, հետեւաբար, կրկնակի անբարոյականություն են գործում. մի կողմից հանդուրժում եւ, կարծես-թե, նույնիսկ խրախուսում են ընդդիմության նկատմամբ Հայաստանի իշխանությունների սանձազերծած հրեշավոր հալածանքները, մյուս կողմից՝ նույն ընդդիմության գոյությունը փորձում ծառայեցնել իրենց հետին նպատակներին։ Ընկնել այս ծուղակը՝ մեր կողմից աններելի մոլորություն ու քաղաքական կարճատեսություն կլիներ։ Ավելին, դա հիմնովին կհակասեր Շարժման հավատամքին, որը հիմնված է պետական շահի գերակայության սկզբունքի վրա։

Հետեւաբար, անկեղծորեն կողմ լինելով թե՛ Ղարաբաղյան հակամարտության, թե՛ հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը, մենք չենք ուզում ՀՀ իշխանություններին խանգարել լուծելու այդ խնդիրները։ Դադարեցնելով մեր ակտիվությունը, մենք ընդամենը նպատակ ենք հետապնդում նրանց զերծ պահել արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից»։  

Նախագահի հայտարարության հաջորդ կետն ամենահակասականն է, մասնավորապես, երբ «ելքի» փնտրտուքը վերապահում է նաեւ մտավորականությանը։ Պարոն նախագահը, փաստորեն, լինելով մտավորական, մի կողմից  «լվանում է ձեռքերը» ընթացող պրոցեսներից, մյուս կողմից էլ ելքի փնտրտուքը դնում է ինչ-որ երեւակայական մտավորականության վրա։ Արդյոք մտավորականություն ասելով նա նկատի ունի հենց այն մտավորականությանը, որին ամիսներ առաջ եթերում անողոք քննադատության էր ենթարկում՝ մասնավորապես նշելով․ «1997 թվականից ի վեր՝ ՀՀ բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին: Պատասխանատվության իր բաժինն ունի նաեւ, այսպես կոչված, ազգի վերնախավը՝ էլիտան, այն է՝ մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդները: Մի խոսքով` ողջ այն ուժերը, որոնք հայդատականությունը, պահանջատիրությունը և ոչմիթիզականությունը դարձրել էին հայության ազգային դավանանքը, ընդ որում, նույնքան անքննելի, որքան Աստվածաշունչը»: /24 մայիս 2021 թ, «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդում/։ Նույն հաղորդման շրջանակներում մեկ ամիս անց՝ հունիս 15-ին, Լ․Տեր-Պետրոսյանը «դուբլեց» մտավորականությանն ուղղված իր մեղադրանքը․ «Այն, ինչ տեղի ունեցավ, երբ մենք չօգտագործեցինք մեր 90-ականների հնարավորությունը՝ գնալու փոխզիջումային լուծման եւ չունենալու այս պարտությունը, դրանից հետո մյուս իշխանությունները, եւ մինչեւ հիմա մեր մտավորականությունը, փաստորեն, իր հրապարակային խոսքով չտարբերվեց ֆիդայիններից, մեր ակադեմիկոսները չտարբերվեցին, ասենք՝ Սեֆիլյանից՝ իրենց մտածողությամբ, իրենց խոսքով։
Հակառակն արեցին, որպեսզի հայրենասեր երեւային»։  Նրա խոսքով՝ մեր  Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը, համալսարանի պատմության ֆակուլտետը երեք սերունդ է դաստիարակել հայդատականության, ոչմիթիզականության վրա․ «Դասագրքրերը փոխեցին անմիջապես այն օրվանից, երբ Լենդրուշ Խուրշուդյանը դարձավ պատմության ֆակուլտետի  հայագիտական, թե հայոց պատմության ամբիոնի վարիչ։  Երեսուն տարում երեք սերունդ դաստիարակեցին՝ հայդատականության, ոչմիթիզականության, ֆիդայինների սերունդ, եւ հենց այդ ակադեմիկոսների, պրոֆեսորների շնորհիվ»։ Առաջին նախագահը մի հուշ պատմեց․ «Իմ հրաժարականից մի քանի օր անց ինձ այցելեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն եւ ասաց՝ Լեւոն, եկել եմ քեզ ասելու, որ քեզ դավաճանեց ՀՀ մտավորականությունը։ Ասացի՝ ոչ, սխալվում եք, այդ մտավորականությունն ինձ հավատարմության երդում չի տվել, որ դավաճանած լինի, նա դավաճանեց ժողովրդին։ Այս մեր պարտության մեջ, մեր ողբերգության մեջ որքան մեղավոր են իշխանությունները, կուսակցությունները, հայդատականները, նույնքան մեղավոր են նաեւ մտավորականները»։

Ինչպես ասում են՝ ավելացնելու բան չկա, ամեն ինչ ասված է։ Մի բան է միայն, որ թեեւ  չի ձեւակերպվել առաջին նախագահի խոսքում, սակայն հասկանալի է․ «Եկել եմ ասեմ, որ ինձ վրա հույս չդնենք»։