Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում թուրքական ազդեցության գործակալները արշավ են սկսել Ռուբեն Ռուբինյանի դեմ․ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը. Տեսանյութ

Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը իր ելույթում անդրադարձավ երեկ ԱԺ դահլիժում տեղի ունեցած խոսակցություններին, եզրույթներին, օգտագործված բառամթերքին, հետո նաև մամուլում շարունակված երևույթներին և մասնավորապես ասաց. «Արշավ է սկսվել Հայաստանի Հանրապետության կողմից Թուրքիայի հետ բանակցելու մեր ներկայացուցչի՝ պարոն Ռուբինյանի դեմ: Սա արշավ է ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դեմ, այլ ՀՀ ներկայացուցչի դեմ, ասել է թե՝ Հայաստանի Հանրապետության դեմ»:

Արթուր Հովհաննիսյանը հարց բարձրացրեց. «Ո՞ւմ է ձեռք տալիս արշավ սկսել Հայաստանի Հանրապետության դեմ, էլ ո՞ւմ՝ բացի թուրքական ազդեցության գործակալներից կամ այլ օտարերկրյա ազդեցության գործակալներից: Ո՞ւմ է ձեռք տալիս, օրինակ, պատերազմի օրերին ամեն ինչ անել, որպեսզի տանկերը շրջվեն դեպի Երևան, էլ ո՞ւմ՝ բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից: Ո՞ւմ է ձեռք տալիս պատերազմից հետո իրենց հետ փոխկապակցված մարդկանց ներկայությամբ ավերել պետական կառույցները, շենքերը և այլն, էլ ո՞ւմ՝ բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից: Ո՞ւմ է ձեռք տալիս Գենշտաբի զինվորականներին հանել պետության դեմ, էլ ո՞ւմ՝ բացի թուրքական ազդեցության գործակալներից: Ո՞ւմ է ձեռք տալիս կասկածի տակ դնել ժողովրդավարությունը, էլ ո՞ւմ՝ բացի Հայաստանի շահերի դեմ գործող օտարերկրյա ազդեցության գործակալներից: Եվ վերջապես, ո՞ւմ է ձեռք տալիս ամեն ինչ անել՝ վարկաբեկելու Ռուբեն Ռուբինյանին, ասել է թե՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին, Թուրքիայի հետ նոր սկսվող բանակցություններում կամ կարգավորման այս գործընթացում, էլ ո՞ւմ՝ բացի գործող օտարերկրյա ազդեցության գործակալներից»: 

Ըստ այդմ՝ նա հարց ուղղեց իր գործընկերներին. «Կարո՞ղ ա դուք օտարերկրյա ազդեցության գործակալներ եք: Էս հարցին պատասխանեք և հիմնավոր, որովհետև ըստ էության ես հիմնավորեցի, և մեր հայրենակիցների համար էլ շատ հիմնավոր են այն կասկածները, որոնք կան իմ մոտ, իմ գործընկերների մոտ և մեր բնակչության մեծամասնության մոտ»:

Մանրամասները՝ տեսանյութում: