Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ւմ շահն էիք սպասարկում դուք, երբ Հայաստանի կարևորագույն օբյեկտները օտարվում էին. Վաղարշակ Հակոբյանը՝ «Հայաստան» դաշինքին․ Տեսանյութ

Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը իր ելույթում նշեց, որ ԱԺ ամբիոնից հնչում են այնպիսի աբսուրդ մտքեր, որ դժվար է նույնիսկ դրանք գնահատելը: «Երբեմն այստեղ կանգնած բանախոսներին թվում է, թե ՀՀ քաղաքացիների հիշողությունը սկսվում և ավարտվում է իրենց մանդատ ունենալու ժամանակահատվածով կամ ժամանակահատվածի այն մասով, որը ձեռնտու է իրենց»,- նշեց նա:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին՝ նա ասաց. «Երևի Գեղամ Մանուկյանը մոռացել է, որ Վանաձորը մի քաղաք է, որը իրենց իշխանության ժամանակ ամենալուրջ արտագաղթին է ենթարկվել, որը իրենց իշխանության ժամանակ հիմնովին թալանվել է: Իրենց իշխանության ժամանակ մի կտոր ասֆալտը Վանաձորում շատ լուրջ երազանք էր թվում քաղաքացիների համար: Վանաձորը մի քաղաք է, որտեղ իրենց կոալիցիայի ընթացքում տեղի է ունեցել մանդատագողություն»:

Պատգամավորն իր զարմանքն է հայտնում, որ արդի իրավիճակը այդքան անպատասխանատու կերպով է ներկայացվում:

«Ես չգիտեի, որ պարոն Ռուբինյանն այսքան պահանջարկ ունի ընդդիմության մոտ: Հայաստանի ներկայացուցչին քննադատելը և այս պրոցեսի մեջ սևացնելը ձեռնտու է միայն Թուրքիային: Եկեք հասկանանք՝ ով ում շահն է սպասարկում: Եվ ընդհանրապես, ո՞ւմ շահն էիք սպասարկում դուք, երբ Հայաստանի ամենակարևոր օբյեկտները օտարվում էին: Ո՞ւմ շահն էիք սպասարկում դուք, երբ ձեր իշխանության ժամանակ 20-30 տարվա խրամատների վրա ոչ մի գործ չէր արվում: Ո՞ւմ շահն էիք սպասարկում դուք, երբ թալանվում էր բանակը, երբ զենք չէր գնվում: Ո՞ւմ շահն էիք սպասարկում դուք, երբ 80-ականների զենքերով էր զինվորը էնտեղ կանգնած, երբ պաշտպանվում էր «կանսերվի» բանկաներով: Միգուցե այդ ամենն արվում էր, որ Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի հե՞շտ կարգավորվեին»,- ընդգծեց Վաղարշակ Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: