Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովն ու Բլինքենը քննարկել են Ուկրաինայի և Մոսկվայի՝ անվտանգության երաշխիքների առաջարկները

Լավրովն ու Բլինքենը քննարկել են Ուկրաինայի և Մոսկվայի՝ անվտանգության երաշխիքների առաջարկները
Քաղաքականություն / Աշխարհ
21:06, 18 январь 2022
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են հունվարի 10-ին ՌԴ-ԱՄՆ, հունվարի 12-ին՝ ՌԴ-ՆԱՏՕ բանակցություններին և հունվարի 13-ին՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին: Սերգեյ Լավրովն ընդգծել է Մոսկվայի առաջարկած՝ ԱՄՆ-ի հետ երկկողմ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերում սկզբունքային դրույթները, որոնցով նախատեսվում է արձանագրել Ռուսաստանի անվտանգության ապահովման իրավաբանական երաշխիքներ:

Անդրադարձ է եղել Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակին: ՌԴ ԱԳ նախարարը «կոչ է արել պետքարտուղարին չտարածել «ռուսական ագրեսիայի» մասին շահարկումներ, այլ ստիպել Կիևի իշխանություններին ամբողջ ծավալով կատարել Մինսկի համաձայնագրերը»:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Բլինքենն ընդգծել է տարածաշրջանում լարվածության թուլացման համար դիվանագիտական ճանապարհի շարունակման կարևորությունը: Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել, որ եվրոպական անվտանգության ցանկացած քննարկման պետք է մասնակից լինեն ՆԱՏՕ-ի դաշնակիցները և եվրոպացի գործընկերները, այդ թվում՝ Ուկրաինան:

Բլինքենն ու Լավրովը քննարկել են առաջիկայում շփումները շարունակելու հնարավորությունը: