Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պառլամենտական կառավարման ձևն ունի բազմաթիվ անորոշություններ և բացեր․ Սահմանադրական խորհրդի անդամի թեկնածու

Պառլամենտական կառավարման ձևն ունի բազմաթիվ անորոշություններ և բացեր․ Սահմանադրական խորհրդի անդամի թեկնածու
Քաղաքականություն
18:29, 20 январь 2022
Օրեր առաջ հրապարակվեց մրցութային կարգով ընտրված Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշման համաձայն, Արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։

Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են հետևյալ թեկնածուները՝ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց), «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան), «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան), Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից Որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան):

Հիշեցնենք նաև, որ վերջին տարիներին մի քանի անգամ փորձեր եղել են իրականացնելու Սահմանադրական բարեփոխումներ, սակայն դրանք ինչ-ինչ պատճառներով չեն իրականացվել։

Սահմանադրական բարեփոխումների մասին Civic.am-ը զրուցել է մրցույթով ընտրված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի հետ։ 

Նա նշեց, որ խորհրդի կազմը դեռևս նոր է հաստատվել, և դրա հետագա աշխատանքների շարունակականությունը կամ արդյունավետությունը կասկածի տակ դնելու որևէ հիմքեր չունի։

«Ես շատ մեծ սիրով մասնակցելու եմ և դրա անհրաժեշտությունը տեսնում եմ, որովհետև, թե՛ մասնագիտական բնագավառում, թե՛ ընդհանրապես ցանկացած իրավիճակում, մենք տեսնում ենք և զգում ենք, որ մեզ նոր Սահմանադրություն է պետք, և ընդհանրապես մեզ պետք է նոր կառավարման ձև։ Մենք երեք Սահմանադրություն ենք փոխել, բայց մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները որևէ կերպ փոփոխության ենթակա չեն և փոփոխման հիմնական ամբիցիաներն ու ձգտումները կայանում են պետության կառավարման ձևի ընտրության մեջ։ Այն քաղաքական ուժը, որը ես ներկայացնում եմ, հակված է ուժեղ նախագահական մոդելին, որն ունեցել ենք 1995 թվականի Սահմանադրությամբ»,-ասաց Մասիս Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ հանձնաժողովը չի սկսել աշխատել, իրենք չգիտեն՝ ինչ մեխանիզմներով պետք է աշխատեն և շատ հարցեր դեռ պարզ չեն, բայց ամեն դեպքում իրենք պնդում են, որ մեր երկիրը միայն կարող է զարգանալ, եթե բարձրագույն պետական կառավարման մարմիններն արդյունավետ իրականացնեն իրենց առջև դրված խնդիրները`ուժեղ նախագահական կառավարման համակարգի դեպքում, որովհետև այնտեղ կա և՛ իշխանությունների դասական տարանջատում, և՛ կա հակակշիռների և փոխզսպումենրի համակարգ, որն ըստ էության, բացակայում է պառլամենտական կառավարման ձևի մեջ։ 

«Իսկ ունիտար պետությունը, ինչպիսին, որ մենք ենք, ճիշտ կլինի, որ կառավարվի նախագահական համակարգով և դա կապահովի լուրջ առաջընթաց։ Այն առանձնանում է շատ կարևոր հատկանիշներով, երբ ճգնաժամեր են լինում՝ Սահմանադրական կամ որևէ այլ կառավարման ճգնաժամ, նախագահական կառավարման համակարգը շատ արդյունավետ իրագործում է դրանք, ինչը չես կարող ասել  պառլամենտական կառավարման ձևի պայմաններում, ինչին ականատես եղել ենք, մի հատ գլխավոր շտաբի պետ գործից հանելը, դրա օրինականությունը լուրջ խմորումների պատճառ հանդիսացավ՝ նախագահը չէր ստորագրում, խնդիրը տեղափոխվեց սահամանդրականության դաշտ։ Սա գալիս է նրանից, որ պառլամենտական կառավարման ձևն ունի բազմաթիվ անորոշություններ և բացեր, ինչն այս պայմաններում խնդիրներ է առաջացնում»,- նշեց Մասիս Մելքոնյանը։

Խոսելով նաև այն մասին, թե արդյոք քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նրանք խոսել են Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ Մասիս Մելքոնյանն ասաց, որ քաղաքացիների բարձրացրած հարցերն իրենց բնույթով իրեն, որպես մասնագետի, բերում են նրան, որ այո՛, կա Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ Սահմանադրությունը փոխելուց փոխվում է ամբողջ իրավական համակարգը, և երբ մարդիկ այս կամ այն հարցից են բողոքում՝ ուսումնասիրելով հարցի էությունը՝ հասկանում ես, որ որոշ դեպքերում կան օրենքի բացեր, կան օրենքի նորմերի անորոշ ձևակերպումներ, իսկ դա նաև Սահմանադրության բացերի արդյունքն է։ 

«Սահմանադրությունը, որպես բարձրագույն իրավաբանական ուժով օժտված պետության գլխավոր օրենք, արդեն հանդիսանում է ելակետ և իրավունքի աղբյուր՝ մնացած բոլոր օրենքների և ենթաօրենսդրական ակտերի համար, հետևաբար, եթե Սահմանադրությունն ինքնին խնդրահարույց է, բնականաբար դրանից բխող մյուս օրենքները և ենթաօրենսդրական ակտերը չեն կարող կատարյալ լինել, դրանք նույնպես խնդրահարույց են։ Իսկ եթե օրենքը հստակ չի կարգավորում, հետևաբար, մարդկանց մոտ տեղի են ունենում բողոքներ, օրենքի անկատարության հետևանքով մարդկանց իրավունքի խախտումներ»,- ասաց Մասիս Մելքոնյանը։ 

Վերջինս նշեց, որ , այս պահին դեռ որևէ տեղեկություն չունի, թե խորհուրդը երբ կսկսի իր աշխատանքները, սակայն մոտակա ժամանակներում, ենթադրաբար, իրենց արդեն պետք է պարզ լինի աշխատանքի կարգը, բնույթը, ծավալը, և ինչ մեթոդներով են աշխատելու։

Լիլիթ Թադևոսյան