Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պոլսահայ գործիչները՝ հայ-թուրքական գործընթացի մասին

Պոլսահայ գործիչները՝ հայ-թուրքական գործընթացի մասին
Քաղաքականություն
22:28, 21 январь 2022
Թուրքական «Hürriyet»  լրատվական կայքում հրապարակված հոդվածում ներկայացվել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ներկայացվել են մասնավորապես Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի, գործարար Տիգրան Գյուլմեզգիլի, լրագրող Երվանդ Տանձիկյանի, ինչպես նաև  համայնքային գործիչ Թորոս Ալջանի կարծիքները հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ:

Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը թեմայի վերաբերյալ ասել է հետևյալը.

«Պետք է ընդունենք, որ արժեքավոր են բոլոր այն քայլերը, որոնք ինչպես ներդրումային, այնպես էլ մշակութային տեսանկյունից կառողջացնեն հարուստ պատմություն ունեցող երկու հարևան երկրների հարաբերությունները: Պոլսահայերի համար չափազանց կարևոր է, որ հարաբերությունները օրեցօր բարելավվեն, որպեսզի երկու հասարակությունները միմյանց ճանաչեն, կարողանան միասին աշխատել, ներդրումներ անել և այս ուղղությամբ հարուստ մշակութային արժեքները մեկ գետնի վրա հանդիպեն»:
Իր հերթին Քարագյոզյան հիմնադրամի դպրոցների խորհրդի նախագահ, գործարար Տիգրան Գյուլմեզգիլը նշել է. «Թուրքիան արդեն այս պահից սկսած Հայաստանին ամեն հարցում պետք է ձեռք մեկնի: Թուրքիան Հայաստանի համար պետք է մեծ եղբոր պես լինի (հովանավորություն անի): Շատ լավ զարգացում է»:
Իսկ ահա «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Երվանդ Տանձիկյանն ասել է.

«Թռիչքների մեկնարկն ինձ մոտ լավատեսություն է առաջացրել: Պետք է սահմանները բացվեն, դիվանագիտական հարաբերություններն էլ՝ կարգավորվեն: Սա պետք է առաջին քայլը լինի: Հարաբերությունները պետք է էլ ավելի ընդլայնվեն»:
Թուրքիայի  փոքրամասնությունների հիմնադրամների անդամ Թորոս Ալջանի կարծիքն էլ այսպիսինն է.
«Դրական և ուշացած քայլ եմ համարում: Հուսով եմ, որ խաղաղության մթնոլորտը կվերադառնա։ Առանց պատերազմների նոր բարեկամության դուռը կբացվի»: