Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել շահերի բախումից խուսափելու համար. Մեծ Բրիտանիան չի թաքցնում իր ագրեսիվ դիրքորոշումը ուկրաինական հարցում, իսկ ՀՀ-ն հակադիր գոտում է. քաղաքագետներ

Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել շահերի բախումից խուսափելու համար. Մեծ Բրիտանիան չի թաքցնում իր ագրեսիվ դիրքորոշումը ուկրաինական հարցում, իսկ ՀՀ-ն հակադիր գոտում է. քաղաքագետներ
Քաղաքականություն
18:01, 24 январь 2022
Երեկ՝ հունվարի 23-ին, ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստը։ 
ՀՀ նախագահն իր հրաժարականը ներկայացրեց նախքան Հայաստան վերադառնալը՝ Լոնդոնում։ 

Արմեն Սարգսյանն իր հրաժարականի հայտարարությամբ հերթական անգամ ընդգծել է, որ ՀՀ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Չնայած սրան, նա նաև շեշտել է, որ ուրախ է կառավարության այն որոշումից, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով. «Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում»:
 
Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի լիազորությունների սահմանափակ լինելը և այդ առումով իր դժգոհությունը փաստ է, քանի որ նա ավելի մեծ ազդեցություն էր ցանկանում ունենալ, բայց հարց է ծագում՝ ի՞նչ կարիք կար վերցնելու նախագահի պաշտոնը, քանի որ այդ բոլոր լիազորությունները սահմանվել են նախապես և հայտնի են եղել իրեն. «Ես կարծում եմ, որ ինքը խնդիր չուներ վերլուծելու իր ապագա գործառույթների շրջանակը և որոշում ընդունելու՝ ուզո՞ւմ է ՀՀ նախագահ դառնալ, թե՞ ոչ»։ 

ՀՀ նախագահի հրաժարականի հայտարարության մեկ այլ դիտարկում էլ կարծես վերաբերում է ներկայիս գրեթե նախապատերազմական աշխարհաքաղաքական գործընթացներին: «Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:

Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:

Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին»,- գրել է Արմեն Սարգսյանը: 

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը ՀՀ նախագահի հրաժարականը կապում է հենց աշխարհաքաղաքական գործընթացների հետ. «Կարծում եմ՝ Մեծ Բրիտանիայում շատ մեծ կապեր ու շահեր ունեցող անձնավորությունը չի կարող իրեն թույլ տալ աշխարհի այս գրեթե նախապատերազմական շրջանում լինել երկրի ֆորմալ առաջին դեմքը։ Հայաստանը հակադիր գոտում է՝ ՀԱՊԿ անդամ ենք, որը հակադրվում է Մեծ Բրիտանիային։ Շատ հատկանշական է, որ հենց Լոնդոնից է արվել այդ հրաժարականը։ Մեծ Բրիտանիան չի թաքցնում իր հետևողական ագրեսիվ դիրքորոշումը ուկրաինական հարցում և նույնիսկ բացահայտ ասել է, որ ուղղակիորեն զինված ուժերով մասնակցելու է այդ բախմանը, եթե այն տեղի ունենա։ Արմեն Սարգսյանը մեծ կապեր ունի՝ ընդհուպ մինչև Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիք, և շփվելով, տեսնելով իրավիճակը, թե որքան է մոտ բախումը՝ հրաժարականի որոշում է ընդունել»։  

Արմեն Հովհաննիսյանի վերլուծությամբ՝ Արմեն Սարգսյանի գրած հրաժարականի տեքստում չկա որևէ հիմք, որ մեր երկրի շահերից ելնելով է նա հրաժարական տալիս. «Նա որոշում է ընդունել շահերի բախումից խուսափելու համար՝ Արմեն Սարգսյան բիզնեսմեն և ՀՀ՝ որպես ՀԱՊԿ անդամ»։

Արմեն Սարգսյանը գրել է նաև իր առողջական խնդիրների մասին, նշել է, որ ինքը և իր ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից, որոնք այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իր անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով. «Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա»:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը, չբացառելով նախագահի առողջական խնդիր ունենալու հանգամանքը, նշեց՝  այն ամբողջը, ինչ գրված է հրաժարականի տեքստում, ողջ ճշմարտությունը չէ։ 

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի տեսանկյունից էլ՝ Արմեն Սարգսյանը դժգոհ է ոչ այնքան ՀՀ նախագահի սահմանադրական լծակների բացակայությունից, այլ նրանից, որ գործող իշխանություններն իրեն չեն վստահում որևէ ոլորտ, չեն ցանկանում օգտագործել իր՝ արտերկրի քաղաքական կապերն ու հնարավորությունները. «Անգամ սահմանադրական լծակների բացակայության պայմաններում ՀՀ վարչապետը եթե ցանկություն ունենար, կարող էր որոշ ոլորտներում հնարավորություն տալ, որ նախագահն իր կապերը՝ տնտեսական և ֆինանսական, իր փորձը ծառայեցնի պետության շահերին»։

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ՀՀ նախագահն իր լծակներն օգտագործելով ու որոշ ոլորտներում հաջողություն ունենալով կարող էր դառնալ ՀՀ վարչապետի և նրա թիմի մրցակիցը։ 

Հարցին՝ այսքան տարի պաշտոնավարելուց հետո՞ է Արմեն Սարգսյանն իրեն զգացել երկրորդական կարգավիճակում՝ քաղաքագետն արձագանքեց. «Ես կարծում էի, որ նա ավելի վաղ պետք է հրաժարական տար, որովհետև այդ խնդիրներն ավելի վաղ կային»։ 

Նշենք, որ Արմեն Սարգսյանն իր հրաժարականի հայտարարությունն սկսել է՝ կարևորելով Հայաստանի՝ 1990-ականներին ստեղծած անկախ պետությունը: «Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված, կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:
Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»,- գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նարա Մարտիրոսյան