Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան. Նախագահականը չի հայտնում, թե որտեղ է այս պահին գտնվում պաշտոնաթող նախագահը

Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան. Նախագահականը չի հայտնում, թե որտեղ է այս պահին գտնվում պաշտոնաթող նախագահը
Քաղաքականություն
14:13, 25 январь 2022
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ Civic.am-ը մի քանի հարց էր  հղել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը: Մեր առաջին հարցը հետևյալն էր. 

Մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ում չէ, մեկնել է  արտերկիր, և հրաժարականի մասին երեկ արված հայտարարությունը ՀՀ նախագահի աշխատակազմին է ուղարկվել   արտերկրից, մասնավորապես՝ Լոնդոնից: Խնդրում եմ հայտնել՝ արդյոք  ՀՀ  նախագահը հրաժարականի մասին հայտարարությունն  արել է արտերկրում գտնվելո՞ւ  ժամանակ: Այս պահին նա արդյոք  ՀՀ-ո՞ւմ  է: Եթե ոչ, ապա ո՞ր երկրում է և ե՞րբ կվերադառնա ՀՀ:  

Ի պատասխան՝ նախագահականից քիչ առաջ հայտնել են. «Հանրապետության նախագահն իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելու ժամանակ: Նախագահ Սարգսյանն անհրաժեշտ բուժզննում և տարբեր հետազոտություններ է  անցնում արտերկրում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նա տարիներ առաջ արտերկրում հաղթահարել է ծանր հիվանդությունը, որից հետո նա  իր հիվանդության պատմությանը լավատեղյակ բժիշկների խմբի մշտական հսկողության տակ է: Ներկայումս, առողջական վիճակով պայմանավորված, նախագահը մասնագիտացված բժշկական հետազոտություն է անցնում: 

Համապատասխան հետազոտություններն ու բուժզննումն ավարտելուց հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Հայաստան»:
Հաջորդիվ հարցրել էինք.  «ՀՀ նախագահի հրաժարականի հայտարարության մեջ կա այսպիսի հատված.  «Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում»: 

Խնդրում եմ հայտնել՝ ՀՀ նախագահը արդյոք ի՞նչ նկատի ունի «Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը» ասելով: Կառավարման ո՞ր մոդելը նկատի ունի ՀՀ նախագահը՝ «զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ» ասելով: 

Նախագահականից այսպես են պատասխանել. «Հանրապետության նախագահի՝ ս.թ. հունվարի 23-ի հայտարարությունը չենք մեկնաբանում և առաջարկում ենք Ձեր հարցերի պատասխանները փնտրել հենց հայտարարության տեքստում: Ինչ վերաբերում է «զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ» ձևակերպմանը, ապա նախագահ Սարգսյանն իր  հրապարակային հարցազրույցներում ու ելույթներում բազմիցս անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, որ անկախ կառավարման ձևից` Սահմանադրությունը զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմներ պետք է ունենա։

Մեզ հետաքրքիր էր նաև՝ արդյոք ՀՀ նախագահը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացրե՞լ է ՀՀ կառավարությանը և կամ 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին (կամ էլ՝ 2021 թ. դեկտեմբերի 17-ին վարչապետի որոշմամբ ստեղծված  սահմանադրական բարեփոխումների խորհրդին): Եթե այո, ապա ինչպե՞ս են արձագանքել նախագահի առաջարկներին:  

«Ինչ  վերաբերում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկներին, ապա նախագահ Սարգսյանը 2020թ. հուլիսին հանդիպել է այն ժամանակ գործող՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ և ներկայացրել իր մոտեցումները:

Հանրապետության նախագահի աշխատակազմը սահմանադրական բարեփոխումների խորհրդին տվյալ պահի դրությամբ առաջարկություններ չի ներկայացրել՝ հաշվի առնելով, որ խորհուրդն ընդամենը վերջերս է ձևավորվել, և դրա համար նախատեսված ժամանակը դեռևս սպառված չէ»,-արձագանքել են հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հ.Գ. Նկատենք, որ հարցումը ուղարկել ենք երեկ, օրվա առաջին կեսին, երբ դեռ «Հետք» պարբերականը չէր հրապարակել Արմեն Սարգսյանի վերաբերյալ սկանդալային հոդվածը, ըստ որի՝ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն ունի, որից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին, նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ, և այս պարագայում, ըստ պարբերականի, ՀՀ  Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Պարբերականը եզրակացրել էր, որ «Սարգսյանը, հավանաբար, Հայաստան չի վերադառնա, քանի որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու հիմքով»: 

Հավելենք, որ դատախազությունը Ա. Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ԱԱԾ: Նախագահականից  այս հարցի առնչությամբ  դեռևս պարզաբանում չի հնչել: 

Հեղինե Մանուկյան