Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ՝ որևէ ճնշում չի բանեցվել նախագահի վրա․ հրաժարականի պատճառների մեջ պետք է մատնանշել նաև քաղաքական անառողջ միջավայրում նախագահին թիրախավորելու մշտական փորձերը․ Արման Բաբաջանյան

Վստահ եմ՝ որևէ ճնշում չի բանեցվել նախագահի վրա․ հրաժարականի պատճառների մեջ պետք է մատնանշել նաև քաղաքական անառողջ միջավայրում նախագահին թիրախավորելու մշտական փորձերը․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
19:30, 25 январь 2022
Civic.am-ի հարցերին պատասխանում է լրագրող, ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը: Կուսակցության քաղաքական խորհուրդը երեկ հայտարարություն էր տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ, որում մասնավորապես նշված էր. «Ամենայն հարգանքով վերաբերվելով Նախագահի այս քայլին՝ արժանին ենք մատուցում նրան՝ երկրի համար դժվարին շրջափուլում պետությանը բերած ծառայության համար։ Նախագահի հրաժարականից հետո խիստ կարևոր է համարժեք քաղաքական վերաբերմունք դրսևորել սահմանադրական այս կարևոր ինստիտուտի նկատմամբ։  Մասնավորապես, Նախագահի նոր թեկնածուն պետք է ունենա հանրային և քաղաքական այնպիսի հեղինակություն, որ ունակ լինի հասարակությանը և քաղաքական համակարգը տանել իրական հաշտեցման և իր նպաստը բերել այս անցումային փուլում՝ նախքան սահմանադրական փոփոխությունները,  համազգային ներուժի համախմբմանը և ներքին ու արտաքին մարտահրավերների ու վտանգների, մեր ինքնիշխանությանն ուղղված ուղղակի սպառնալիքների դիմագրավմանը»։

- Պարոն Բաբաջանյան, Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստում որպես պատճառ, մեր դիտարկմամբ, դոմինանտ էր Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորությունների սահմանափակ լինելը: Դուք, որպես քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր, լրագրող, տեղյակ եմ, որ սերտ հարաբերություններ ունեք պարոն Սարգսյանի հետ։ Ըստ Ձեզ, ի վերջո, ի՞նչը կարող է լինել հրաժարականի պատճառը:   


- Այո, ես մտերիմ հարաբերությունների մեջ եմ եղել նախագահի հետ։ Մենք պարբերաբար առիթ ենք ունեցել խոսելու գործող Սահմանադրության մեջ նախագահին վերապահված խիստ սահմանափակ լիազորությունների շրջանակը ընդլայնելու անհրաժեշտության մասին։ Ճիշտն ասած, կդժվարանամ նախագահի հրաժարականը կապել բացառապես նշյալ հանգամանքի հետ։ Ինչպես այն ժամանակ, հիմա էլ պնդում եմ, որ նախագահը, որպես պետության գլուխ, նույնիսկ սահմանափակ լիազորություններով, անսահմանափակ լիազորություններ ունի համազգային կարողությունները ի նպաստ Հայաստանի կարիքների գույքագրելու, արտաքին քաղաքական ճակատում իր կապերը օգտագործելու, ծանր տնտեսական պայմաններում գտնվող հայրենիքում ներդրում ապահովելու համար։ Նախագահը առանց որևէ լծակի և կամ լիազորության ահռելի կապերի շնորհիվ արաբական աշխարհում ահռելի ներդրումային ծրագրեր էր կարողանում կյանքի կոչել։ Միայն 2019 թվականին և վերջին համաձայնագիրը էմիրաթական «Մասդար» ընկերության  հետ՝ Հայաստանում արևային ֆոտովոլտային կայանի կառուցման վերաբերյալ, ենթադրում է Մեծամորի ատոմային կայանի կրկնակի հզորության էներգիայի արտադրություն։ Սրա ռազմավարական կարևորությունը ո՞վ կարող է կասկածի տակ դնել։ Սա իր հերթին կարող էր էապես դուր չգալ Ռուսաստանին, որը Հայաստանում իր արտաքին քաղաքական ազդեցության մեծ մասը ապահովում է գազի և էլեկտրաէներգիայի միջոցով։ Նախագահի կողմից ձեռք բերված համաձայնագրերը էապես հարվածի տակ կարող են դնել ռուսական ազդեցության այդ լծակների ներգործության ուժը։  
Նրա դերակատարությունը Սաուդյան Արաբիայի, Կատարի հետ ՀՀ-ի հարաբերությունների հաստատման և զարգացման գործում ևս չափազանց կարևոր եմ համարում ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային իմաստներով։ Բոլորս ենք հասկանում Սաուդյան Արաբիայի կարևոր դերակատարությունը մահմեդական աշխարհում։  Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե նախագահը ինչ ահռելի արտաքին քաղաքական կապեր ուներ ամբողջ աշխարհում։ Կարծում եմ՝ կարելի էր նախագահի կապերն ավելի արդյունավետ օգտագործել, սակայն ինձ համար երբեմն շատ անհասկանալի պատճառներով  հնարավոր չէր լինում կառավարության և նախագահականի միջև կոմունիկացիան այնքան ինտենսիվ կազմակերպել, որ հնարավոր լիներ դրանից իսկապես երկրի համար օգտակար աշխատանք կատարել։  
Իհարկե, սահմանադրական բարեփոխումների խնդիրը կարևոր էր, և եթե չեմ սխալվում՝ վարչապետի հետ անցյալ տարեսկզբին ձեռք էր բերվել համաձայնություն ընդլայնելու լիազորությունների շրջանակը Սահմանադրության այն հոդվածների միջոցով, որոնք հնարավոր է իրականացնել ԱԺ-ի միջոցով։ Ցավոք, որևէ գործընթաց այս ուղղությամբ տեղի չունեցավ: Հրաժարականի պատճառների մեջ իհարկե պետք է մատնանշել նաև քաղաքական անառողջ միջավայրում նախագահին թիրախավորելու մշտական փորձերը։ Դրանք շատ էին խոցում Արմեն Սարգսյանին, բայց սա էլ ինձ համար անհասկանալի պատճառ է՝ ի վերջո մենք սկանդինավներում կամ խաղաղօվկիանոսյան մի կղզում չենք, մենք երեսնամյա կեղծ պետականությամբ ապրող հարավկովկասյան երկիր ենք, որը գտնվում է ուժային կենտրոնների շահերի կիզակետում, և այդ շահերը սպասարկում են երկրի ներսում գործող քաղաքական ուժերը՝ պայքարի գործիք օգտագործելով ձեռքի տակ ունեցած բոլոր գործիքները, այդ թվում՝ անձնական վիրավորանք հասցնելու ձևով, որոնք էլ փաստորեն իրենց գործն արեցին՝ նախագահին հասցրին հրաժարականի։ Բայց նախագահին ուզում եմ հիշեցնել, որ մենք մի երկիր ենք, որտեղ մեկ տարի առաջ դաժան պատերազմում հազարավոր պատանի-երիտասարդներ են իրենց կյանքը նվիրաբերել մեր հայրենիքին։ Այդ վիրավորանքը չի կարող ավելի էական լինել, քան այդ կորստի ցավի մեջ ապրող ընտանիքների վիշտն է, որոնց կողքին լինելը, նրանց վշտակցելն ու մխիթարելը մեր բոլորի պարտականությունն է։ Կարող եմ վկայաբերել այլ պատճառներ ևս, բայց այս պահին ձեռնպահ կմնամ ավելին ներկայացնել։  

- Տեղյա՞կ եք՝ ո՞ր երկրում է այժմ պարոն նախագահը։ Վարչապետ Փաշինյանը երեկ ասուլիսում հայտարարեց, որ հրաժարականի մասին տեղեկացել է դրանից 3,5 ժամ առաջ: Ենթադրե՞նք, որ հրաժարականը եղել է միանձնյա որոշում՝ ի հեճուկս այն պնդումների, որ այն համաձայնեցված է եղել իշխանության հետ, ընդհուպ՝ տեղի է ունեցել որոշակի ճնշումների ներքո: 

- Տեղյակ չեմ նախագահի գտնվելու վայրի մասին։ Կարծում եմ՝ Լոնդոնում է՝ ընտանիքի հետ։ Վստահ եմ, որ որևէ ճնշում չի բանեցվել նախագահի վրա։ Չնայած կառավարության անդամների մեծ մասի հետ գոյություն ունեցող սառը հարաբերություններին, իմ ճանաչած պաշտոնյաները մեծ մասամբ հարգանքով են վերաբերվել Արմեն Սարգսյանին։

- Երեկ «Հետք» պարբերականը հոդված հրապարակեց, ըստ որի՝ նախագահը ստիպված է եղել հրաժարական տալ, քանի որ  Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիս և Նևիսի քաղաքացի է եղել: Ըստ այդմ՝ նրա, որպես ՀՀ նախագահի, կողմից հրապարակված բոլոր փաստաթղթերը չեն կարող օրինական համարվել: Ի՞նչ կասեք այս մասին:   

- Կարծում եմ՝ հրապարակումը արդեն համապատասխան իրավապահ մարմնում է, և եթե իրապես կան կասկածներ, որ օրենքի խախտում է տեղի ունեցել, համապատասխան իրավական գործընթաց կմեկնարկի։

- Նախագահի հրաժարականի տեքստում կա մի պարբերություն. «Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը»: Տեղյա՞կ եք՝ նախագահը այս առթիվ համապատասխան առաջարկներ ներկայացրե՞լ է Սահմանադրական բարեփոխումերի հանձնաժողով կամ խորհուրդ: 

- Նախագահի հետ խոսել ենք լիազորությունների ընդլայնման այնպիսի շրջանակի մասին, որը հնարավորություն կտա նախագահին ոչ միայն վավերացնել, ստորագրել կամ մերժել որևէ օրենքի նախագիծ, պայմանագիր, հրամանագիր կամ կարգադրություն, այլև մասնակցել որոշումների կայացմանը, ինստիտուտների ձևավորմանը՝ ավելի համապարփակ շրջանակ նախատեսելով։ Կառավարման գործող համակարգը նա համարում էր սուպերվարչապետական, կարծում էր, որ գործող Սահմանադրությամբ ԱԺ-ին և վարչապետին վերապահված որոշ լիազորություններ պետք է անցնեին նախագահին։ Նախագահը նաև ցանկանում էր հատուկ դերակատարություն ունենալ արտաքին քաղաքականության մշակման, Թուրքիայի հետ բանակցային գործընթացում։ Պատերազմից հետո նախագահը ցանկանում  էր ընդհուպ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնել։ Նախագահը պատրաստ էր Ղարաբաղյան խնդրով Հայաստանի բանակցողը դառնալ։ Դեռևս 2020թ. դեկտեմբերին Արմեն Սարգսյանը հայտնեց, որ  իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող Քաթարի էմիրը պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել Երևանի և Անկարայի միջև հնարավոր երկխոսության մեջ։ Այս բոլոր առաջարկները ներկայացրել եմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանատուներին, սակայն որևէ առարկայական պատասխան չի հնչել։

- Պարոն Բաբաջանյան, օրերս «Հայաստան» դաշինքի պատգամավոր, երբեմնի լրագրող, ՀՅԴ-ական  Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց լրագրողների հանդեպ իշխանության կողմից իրականացվող տեռորի մասին: Որպես լրատվամիջոցի ղեկավար՝ համաձա՞յն եք այդ բնորոշմանը: Նաև երբ Դուք «Ժամանակ» օրաթերթի խմբագիրն էիք, Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Դուք անազատության մեջ հայտնվեցիք, սակայն Գեղամ Մանուկյանն ու Դաշնակցությունը դրանում տեռոր չտեսան։ 

- Ես առհասարակ ձեր նշած անձին և առհասարակ այդ խմբակցության որևէ ներկայացուցչի կողմից որևէ հայտարարություն չեմ ցանկանում մեկնաբանել։ Քոչարյանը և Դաշնակցությունը Հայաստանի պետականության մեծագույն սպառնալիքներից են։ Նրանց իշխանության օրոք Հայաստանը ապրել է իր ամենակործանարար ժամանակաշրջանը։

-Նկատենք նաև, որ խմբագրի անազատության մեջ գտնվելու ժամանակ, երբ «Ժամանակ» թերթի թղթակիցները դիմում կամ զանգահարում էին ՀՅԴ-ական որոշ գործիչների, նրանք հրաժարվում, մերժում էին հարցազրույց կամ մեկնաբանություն տալ  թերթին: Որպես «Ժամանակ» թերթի նախկին թղթակից ինքս կարող եմ վկայել այդ մասին:  

-Հեղափոխությունը անխուսափելի դարձնողները հենց նրանք են, ինչպես և Սերժ Սարգսյանն ու նրա կամակատար ուժերը։ Իշխող թիմից բացի, խորհրդարանական երկու խմբակցությունները, իմ գնահատմամբ, ազգային անվտանգության սպառնալիքներ են։ Այդ խմբակցությունների առանձին ներկայացուցիչներ անթաքույց սպասարկում են թշնամու օրակարգը։ Քանի որ հարցը վերաբերում է իմ ազատազրկման ժամանակահատվածին, համեստաբար ձեռնպահ կմնամ մեկնաբանությունից։

Հեղինե Մանուկյան