Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պետք է լինեն արտահերթ ընտրություններ». Թանկյանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

«Պետք է լինեն արտահերթ ընտրություններ». Թանկյանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
Քաղաքականություն
21:40, 14 март 2021
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Vulture կայքին, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

«Դա ակնհայտորեն Հայաստանում ստեղծում է անկայունություն և մեծ զայրույթ է առաջացնում Նիկոլ Փաշինյանի ներկայիս Կառավարության նկատմամբ: Նա հեղափոխական առաջնորդն էր, որը սկսեց կառավարել 2018-ի թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանի պատմության համար կուլմինացիոն պահից ի վեր»,- նկատել է նա:

Թանկյանը նաև նշել է, որ փողոցում գտնվող ընդդիմությունը բաղկացած է տարբեր կուսակցություններից, նրանց մեծ մասը կապված են հին իշխանությունների հետ և նույնիսկ խորհրդարանում ներկայացված չեն ու փորձում են օգտագործել պարտերազմում պարտությունը և վերադարձնել իշխանությունը.
«Նրանցից շատերը կապված են հին իշխանությունների վարչակարգերի հետ, որոնք փորձում են վերադարձնել իշխանությունը՝ որպես արդարացում օգտագործելով պատերազմում Հայաստանի պարտությունը: Դա շատ տհաճ իրավիճակ է: Մարդիկ զայրացած են: Հայերի մեծամասնությունը այժմ գտնվում է մի վիճակում, երբ չի պատկերացնում՝ որ ուժին կարող է սատարել: Շատերը բարկանում են Կառավարությունում տեղի ունեցածի պատճառով: Կան պատերազմի՝ սխալ ղեկավարման ու այլ թեմաների շուրջ չպարզաբանված հարցեր: Բայց մարդիկ նաև չեն վստահում նախկին օլիգարխիկ վարչակարգերին, որոնք շուրջ 20 տարի շարունակ գողացել են քաղաքացիներից»,- ասել է ռոք երգիչը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը նոր արտահերթ ընտրություններն են, որոնց մասին խոսել է գործող Կառավարությունը, և արտահերթ ընտրությունները պետք է լինեն ավելի շուտ, քան՝ հերթականը: Ընդդիմությունը, Թանկյանի խոսքերով, դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, քանի որ կասկածներ ունի՝ իրենց ուժերը անգամ այդ պարագայում ավելի քիչ վստահություն կստանան, քան պատերազմում պարտված իշխանությունը:
«Միակ ճանապարհը հիմա ժողովրդավարությունն է: Բանակը չպետք է ստանձնի ղեկավարումը: Ընդդիմությունը՝ ևս: Ոչ ոք պարզապես չպետք է խլի իշխանությունը: Պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ: Եվ դրանք պետք է լինեն 2,5 տարուց ավելի շուտ, երբ չի մոտենա հերթական ընտրությունների ժամկետը: Սա այն է, ինչ ես կարծում եմ»,- եզրափակել է նա,հայտնում է armtimes.am-ը։