Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրությամբ՝ ընդդիմությունը փաստացի զրկված է նախագահի ընտրությանը վճռորոշ մասնակցությունից. լինելու է դիտորդի դերում

Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրությամբ՝ ընդդիմությունը փաստացի զրկված է նախագահի ընտրությանը վճռորոշ մասնակցությունից. լինելու է դիտորդի դերում
Քաղաքականություն
14:46, 26 январь 2022
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը թեև իրավական առումով չի ազդելու քաղաքական դաշտի՝ մասնավորապես խորհրդարանական ուժերի ստատուս քվոյի վրա, սակայն այդ ստատուս քվոն՝ ձայների համամասնությունը, վերահաստատելու լրացուցիչ առիթ է դառնալու: Խոսքն այն մասին է, որ նախագահի ընտրության հարցում ևս վճռորոշ դերը սահմանադրորեն վերապահված է իշխող մեծամասնությանը: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի ճաշակով և «Հրայր Թովմասյան ընդ ֆրենդս»-ի  ձեռամբ ձևված, կարված, «շահագործման հանձնված» Սահմանադրությունը նախագահի ընտրության համար այնպիսի ընթացակարգեր է սահմանել, որոնք վերջնարդյունքում հանգեցնելու են իշխող մեծամասնության նախընտրած թեկնածուի ընտրությանը:  

Հետաքրքիր է՝ ի՞նչ հնարավոր քաղաքական խարդավանքների մասին է նախապես անհանգստացել վարչապետ դառնալու փափագով տոգորված Սերժ Սարգսյանը, որ Սահմանադրությամբ ապահովագրել է նախագահ ընտրելու՝ իշխող մեծամասնության մենաշնորհը:   
Նշենք, որ ըստ Սահմանադրության՝ հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը՝ 27 պատգամավոր: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները ունեն  համապատասխանաբար 7 և 29 մանդատ, միասին՝ 36 մանդատ, այսինքն՝ կարող են առաջադրել նախագահի թեկնածու: («Հայաստան» դաշինքը միայնակ կարող է թեկնածու առաջադրել): Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչդեռ  ԱԺ-ում ունի 71 մանդատ։ 

Նշենք, սակայն, որ նախագահ է ընտրվելու այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը, այսինքն՝ առաջին փուլում ընտրության համար անհրաժեշտ են պատգամավորների 81 կողմ ձայներ։ Նախորդիվ անդրադարձել ենք նախագահի ընտրության փուլային ընթացակարգերին, որոնք վկայում են, որ մեծ հավանականությամբ ՔՊ-ի առաջադրած թեկնածուն կանցնի երկրորդ փուլով, եթե առաջին փուլում ՔՊ-ի թեկնածուի քվեարկության ժամանակ հնարավոր չլինի ապահովել 81 կողմ ձայն: 
 
Եթե ՀՀ նախագահի ընտրության առաջին  փուլում ընդդիմության 10 ձայներն անհրաժեշտ են, ապա 2-րդ փուլում դրանց կարիքը բացարձակ չկա. անհրաժեշտ է ընդամենը 65 ձայն։ Այսքանով, ըստ Հրայր Թովմասյանի Սահմանադրության, ընդդիմության առաքելությունն ավարտվում է ՀՀ նախագահի ընտրության հարցում։ Եվ սա այն դեպքում, երբ իշխանությունն անգամ բացարձակ մեծամասնություն չունի։ 

Իսկ մինչ այդ՝ մի քանի տարով հետ գնանք և վերհիշենք, թե ինչպես Արմեն Սարգսյանն ընտրվեց նախագահի պաշտոնում՝ 2018 թ. մարտի 2-ին՝ որպես ՀՀԿ-ի և կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի միասնական թեկնածու. նա նախագահի միակ թեկնածուն էր: 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն ընտրվեց  ոչ թե համաժողովրդական ընտրություններով, այլ ԱԺ-ի կողմից: ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր ԱԺ պատգամավորների 1/4-ի ստորագրությունը:   

Հիշեցնենք, որ նախապես ԱԺ 4 խմբակցություններից 3-ը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու Ա. Սարգսյանին: «Ծառուկյան» խմբակցությունը թեկնածու առաջադրելու ցանկություն չէր հայտնել, իսկ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը թեև  նախապես հայտարարել էր որպես  նախագահի թեկնածու խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանին առաջադրելու մտադրության մասին, սակայն չկարողացավ  բավարար թվով ձայներ ապահովել՝ թեկնածու առաջադրելու համար: Ուշագրավ է, որ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 105 պատգամավորներից 101-ը. ընտրության արդյունքներով Ա. Սարգսյանը ստացել էր 90 կողմ, 10 դեմ ձայն, 1 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել:  

«Ելք» խմբակցությունը, որն ուներ 9 պատգամավոր, հայտարարել էր դեմ քվեարկելու մասին: Հատկանշական է, որ քվեարկությանը մասնակցել էին «Ելք»-ի պատգամավորներից 7 հոգի, մինչդեռ Ա. Սարգսյանին դեմ քվեարկողների թիվը 10 էր: Քվեարկությունից հետո «Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե  արձանագրված պատկերը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ի ներսում կան «ծպտյալ ելքականներ»: 

Փաշինյանն այսպիսով  հակադարձեց ՀՀԿ  խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, որն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե քանի որ նախագահի ընտրությունը փակ գաղտնի է, ապա հնարավոր է, որ «Ելք»-ի պատգամավորները նույնպես կողմ քվեարկեն Ա. Սարգսյանին։ «Ելք»-ականները ստիպված էին եղել, որպես ապացույց, հեռախոսով նկարել իրենց  քվեաթերթիկները:   Նույնիսկ նախագահ ընտրվելուց հետո «Ելք»-ականները  շարունակում էին կասկածի տակ դնել Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը՝ պահանջելով, որպեսզի նա Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից տեղեկանք ներկայացնի այն մասին, որ ինքը 2011 թվականի դեկտեմբերի 2-ից հրաժարվել է այդ երկրի  քաղաքացիությունից և միայն Հայաստանի քաղաքացի է: 

Դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը ընդգծեց՝  քանի դեռ Արմեն Սարգսյանը այդ փաստաթուղթը չի ներկայացրել, ամբողջ կյանքում նրան այդ հարցը հետապնդելու է։ Վահրամ Բաղդասարյանն էլ հակադարձեց՝ Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի, հակառակ դեպքում «այդքան վստահ չէր խոսի»:

Հեղինե Մանուկյան