Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Ռուբինյանի և Արարատ Միրզոյանի կենսագրականների Վիկիպեդիայի էջերում «մարտերը» շարունակվում են. կեղծ տեղեկություններ են տեղադրվում․ Թարմացված

Ռուբեն Ռուբինյանի և Արարատ Միրզոյանի կենսագրականների Վիկիպեդիայի էջերում «մարտերը» շարունակվում են. կեղծ տեղեկություններ են տեղադրվում․ Թարմացված
Քաղաքականություն
16:55, 26 январь 2022
Մի քանի օր է, ինչ հայկական Վիկիպեդիայում «մարտեր» են ընթանում՝ կապված ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակված Ռուբեն Ռուբինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կենսագրական տվյալների հետ։ 

Բանն այն է, որ հայկական Վիկիպեդիայում մի քանի օր է, ինչ Ռուբեն Ռուբինյանի և Արարատ Միրզոյանի կենսագրականներում հայտնվել են չհաստատված, բամբասանքների մակարդակից էլ ցածր պիտակավորումներ։ 

Մասնավորապես, սույն թվականի հունվարի 19-ին Վիկիում Ռուբեն Ռուբինյանի մասին տեղեկություններում ավելացվել են «Քննադատություն» և «Թուրքիայի ազդեցության գործակալ» բաժինները, որտեղ ներառվել են ԱԺ-ում հնչած մերկապարանոց քննադատություններն ու պիտակավորումները՝ կապված Ռուբինյանի, իբր, Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու հանգամանքի հետ, որի մասին ԱԺ-ում հայտարարել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Այս հայտարարությունները հաստատող ոչ մի փաստ, սակայն, ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացրել։ Ավելին՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այդպիսի փաստեր իրենք չունեն։ 

Այս տեղեկությունները Վիկիպեդիայի էջում ավելացրել է «Գարդմանահայ» անունով օգտատերը, ով Վիկիպեդիայի հնաբնակներից է և Վիկիի ակտիվ խմբագիր։ Նշենք, որ Վիկիպեդիայում խմբագրումներ կարող է անել ցանկացած անձ։ Այս պահին Վիկիպեդիայում կան 531 ակտիվ խմբագիր և 10 ադմինիստրատոր։ Նշենք, որ ի տարբերություն Ֆեյսբուքի՝ այստեղ ադմինները այն լիազորություններով օժտված չեն, ինչ, օրինակ, ֆեյսբուքյան խմբերի ադմինները։ 

Հատկանշական է, որ Վիկիպեդիան հանդիսանում է հանրագիտարանային հարթակ։ Այսինքն՝ այստեղ ինֆորմացիան պետք է լինի վավերական, այսինքն՝ հնարավոր լինի հաստատել վստահելի աղբյուրներով։ Վիկիպեդիայի կանոնադրության մեջ ևս այս մասին հստակ նշվում է։ Ռուբինյանի մասին տեղադրված ինֆորմացիան, սակայն, ոչ միայն վստահելի աղբյուրից չէ, փաստական հիմքեր չի պարունակում, այլև Ռուբինյանին ներկայացվել է ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածով նկարագրվող մեղադրանք։ Սրա հետ մեկտեղ, ընդդիմադիր պատգամավորները հերիք չէ, որ հաղորդում չեն ներկայացրել հանցագործության  մասին, նաև նշել են, որ որևէ ապացույց, փաստ չունեն։ Ավելին՝ եթե նույնիսկ հարուցված լիներ քրեական գործ, ապա պետք է գործեր անմեղության կանխավարկածը։ Մեղադրյալը կամ հանցանքի մեջ կասկածվողը հանդիսանում է անմեղ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ 

Բացի դրանից, հազիվ թե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները համարվեն վստահելի և հավաստի աղբյուր, առավել ևս, որ հայտարարությունները չունեն ոչ մի փաստական հիմք։ Ավելին՝ մերկապարանոց են և բամբասանքի մակարդակի։ Եվ մեկ անգամ չէ, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդես են գալիս թաղային զրուցարաններում քննարկվող բամբասանքների մակարդակի հայտարարություններով։

Կարևոր հանգամանք է նաև այն, որ այս արշավը սկսվեց այն ժամանակ, երբ սկսվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը, և Ռուբեն Ռուբինյանը նշանակվեց հատուկ բանագնաց։ Ակնհայտ է նաև, որ այսպիսի գրոհի ենթարկվում են այն երկու պաշտոնյաները, ովքեր արտաքին հարաբերությունների ոլորտում ունեն առանցքային դերակատարություն։

Ուրեմն ո՞վ է «Գարդմանահայ»-ը: Նա հազարավոր հոդվածների և խմբագրումների հեղինակ է, ով Վիկիպեդիայում է ավելի քան 8 տարի։ Գարդմանահայը նաև բազմիցս արգելափակված օգտատեր է, այսինքն՝ նա մեկ անգամ չէ խնդրահարույց բովանդակություն ավելացնում Վիկիպեդիայում։  

Պետք է նշենք նաև, որ Վիկիպեդիայում խմբագիրների և ադմինիստրատորների քննարկումների արդյունքում Ռուբինյանի վերաբերյալ նյութը խմբագրվել է, և փակվել է հետագա խմբագրումների հնարավորությունը։

Արարատ Միրզոյանի դեպքում էլ անվան հենց կողքին, փակագծերում գրված է. «գործակալական մականունը՝ Օմեգա»։
Ավելին՝ բովանդակության մեջ ավելացվել է «գործակալական գործունեություն» բաժինը, որտեղ նշված է Սերժ Սարգսյանի փեսա, փախուստի մեջ գտնվող Միքայել Մինասյանի (մականունը՝ Սերժի փեսա) հայտարարությունը։ Մեկ անգամ չէ, որ Հայաստանի իրավապահներից թաքնվող այս անձնավորությունը հանդես է եկել սուտ կամ մանիպուլյատիվ հայտարարություններով, իր խոհանոցային բեմադրություններով, բամբասանքներով, անհասկանալի և տարօրինակ վարքագծով (խոհանոցում տարօրինակ բաղադրատոմսերով բորշի պատրաստումն ու կավե ուղտով այն խառնելը և այլն)։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ սա ևս չի կարող հանդիսանալ փաստական տվյալ, վստահելի աղբյուր, հետևաբար՝ նաև հանրագիտարանային նյութ։ 

Կարևոր ենք համարում այս դեպքում ևս նշել, որ Վիկիպեդիայի «Քննարկում» բաժնում նշված է, որ  «Գործակալական գործունեություն» հատվածը ենթակա է վերանայման ու վերաձևակերպման։ 

Թե ի՞նչ նպատակներ է հետապնդում «Գարդմանահայ»-ը և ում շահերն է ներկայացնում՝ թողնում ենք ընթերցողի դատին։ 

Հայկական Վիկիպեդիայի ղեկավարները, ադմինիստրատորները թերևս պետք է որոշեն՝ Վիկիպեդիան հանրագիտարանայի՞ն հարթակ է, թե՞ քաղաքական բախումների, մարտերի, բամբասանքներ տարածելու։ Մեր բերած օրինակները միակը չեն։ Նմանօրինակ «մարտեր» տարբեր թեմաներով Վիկիպեդիայի հայկական հատվածում պարբերաբար լինում են։ 

Այն, որ Վիկին դարձել է քաղաքական բանավեճերի և ստի ու մանիպուլյացիայի տարածման հարթակ, ապացուցվում է նաև նրանով, որ տարբեր քաղաքական գործիչների մասին Վիկիի տարբեր բաժինների դիմաց գրված է, որ այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Նույն Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մասին հոդվածներում պարբերաբար խմբագրումներ են լինում, և այս գործիչների կողմնակիցները պարբերաբար ավելացնում կամ կրճատում են ինչ-որ տեղեկություններ։ Օրինակ՝ Քոչարյանի կենսագրականում ոչ մի խոսք չկա Հոկտեմբերի 27-ի մասին՝ բացի վերնագրից։  

Այսպիսով, Վիկին դարձրել են վերջ չունեցող «մարտերի», ստի, մանիպուլյացիայի թատերաբեմ։ Կարող ենք սպասել, որ երեկվա՝ Թագուհի Ղազարյանի ելույթից հետո Ռուբիկ Հակոբյանի կենսագրականում կավելանա «Պինգ-պոնգ» մականունը։

Թարմացում. Նյութում նշել էինք, որ ըստ Media.am-ի Գարդմանահայը Վիքիմեդիա Հայաստան ՀԿ խորհրդի նախագահ Տիգրան Զարգարյանն է։ Media.am-ի նյութի պատրաստման ժամանակ, սակայն Վիքիմեդիա Հայաստան ՀԿ խորհրդի նախագահը այլ անձ էր, Տիգրան Զարգարյանը սույն ՀԿ նախագահ հանդիսանում է հիմա եւ կապ չունի Գարդմանահայ օգտատիրոջ հետ

Վովա Հակոբյան