Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախից տեղահանվածների ամսական դրամական աջակցության ժամկետը կերկարաձգվի ևս 2 ամսով. Նարեկ Մկրտչյան

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով դրամական օգնությունը առաջարկվում է երկարաձգել ևս երկու ամիս՝ 2022թ. հունվար և փետրվար ամիսներին ևս տրամադրել ամսական դրամական օգնություն: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, Կառավարության հերթական նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահառուներից շատերը դեռևս չեն լուծել բնակարանային խնդիրները, լուծված չեն նաև որոշների զբաղվածության խնդիրները և գտնվում են սոցիալապես ոչ բարենպաստ իրավիճակում, նաև պայմանավորված ձմեռակացի հնարավոր դժվարություններով՝ առաջարկում ենք աջակցության ժամկետը երկարաձգել ևս 2 ամսով՝ դրամական աջակցության հետևյալ չափերով. անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40 հազար դրամ, իսկ մյուսներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20 հազարական դրամ»,- ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում: