Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ինչքան ուզում են՝ «միտինգ» են անում, խոչընդոտ կա՞»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «ՀՀ-ում ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին» նախագիծը։ 
 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը որպես նախագծի հիմնավորում զեկուցեց, որ 2020թ․-ի պատերազմի հետեւանքով արցախյան հակամարտության գոտում կրակի լիակատար դադարեցման մասին հայտարարվել է նոյեմբերի 10-ին, եւ հաշվի առնելով դրանից բխող գործողությունները՝ առաջարկում են ռազմական դրության ռեժիմը հանել։ 
Արման Աբովյանի խոսքով․ «Ռազմական դրության ռեժիմի պահպանումը լուրջ խոչընդոտ է քաղաքական զարգացումների համար, որոնք բավականին ծանր են։ Առաջարկում եմ ընդունել նախագիծը, քննարկել լիագումար նիստում»։ 
«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց՝ եթե ընդդիմադիր խմբակցությունները կարծում եմ, որ սա կարեւոր է իրենց համար, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հիմա իրենց պատգամավորները քվորում չեն ապահովում, որ նախագիծն անցնի։ 
Արման Աբովյանը հակադարձեց․ «Փորձում եք մանիպուլացնել։ Մեր պատգամավորներից Վարդան Վարդանյանը հիվանդանոցում է, Սողոմոն Սողոմոնյանն էլ այստեղ է։ Սա ձեզ պետք է բավարարեր»։ 
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց՝ նշեցիք, որ ռազմական դրությունը քաղաքական զարգացումներին խանգարում է․ «Որքան տեսում եմ՝ Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցները փակ են, ինչքան ուզում են՝ «միտինգ» են անում, խոչընդոտ կա՞։ Ռազմական դրության նորմերը մեղմացված են այսպես թե այնպես, ի՞նչ խոչընդոտ կա»։ 
Արման Աբովյանը պնդեց, որ խոչընդոտ կա․ «Դրա պահպանումը միայն քաղաքական բնույթ ունի։ Խոսքը ոչ միայն կարծիք արտահայտելու մասին է։ Կան իրավական որոշակի քայլեր, օրինակ՝ վարչապետի հրաժարական, որը ռազմական դրության ժամանակ ուղղակի հնարավոր չէ, օրենքն արգելում է։ Միաժամանակ՝ այո, մենք հասկանում ենք, որ իրավական մասով ռազմական դրությունը խոչընդոտում է բոլոր իրավունքների իրացմանը»։ 
aravot.am