Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ում իր քվեարկության իրավունքը Մամիջանյանին զիջած Արմեն Գևորգյանը շարունակում է լռել նրա քվեարկության առթիվ

ԵԽԽՎ-ում իր քվեարկության իրավունքը Մամիջանյանին զիջած Արմեն Գևորգյանը շարունակում է լռել նրա քվեարկության առթիվ
Քաղաքականություն
19:00, 01 февраль 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության հիմնական անդամ Արմեն Գևորգյանը, որը ԵԽԽՎ վերջին նիստում իր ելույթի և քվեարկության իրավունքը տվել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին, շարունակում է լռել և որևէ կերպ չի արձագանքում Մամիջանյանի՝ ադրբեջանցիների և թուրքերի հետ սինխրոն քվեարկության շուրջ ծավալված քննարկմանը։ Միգուցե այդպիսով փորձում է հանրային պարսավանքի և խայտառակութան բեռը թողել երիտասարդ Մամիջանյանի ուսերի՞ն, սակայն փաստ է նաև, որ լռությունը համաձայնության նշան է։  
 
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Վարդանյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում կարևորելով ԵԽԽՎ բանաձևը՝ այսօր հիշեցրեց, որ նախկինում ԵԽԽՎ հարթակում ազգային հարցերին վերաբերող բոլոր քվեարկությունների ժամանակ եղել է միասնական մոտեցում՝ չնայած բոլոր տարաձայնություններին, այնուհետև հարցադրում արեց. «Արդյոք ԵԽԽՎ հիմնական անդամ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ում փոխարեն քվեարկել է Հայկ Մամիջանյանը, կիսո՞ւմ է վերջինիս դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ, և արդյոք այդ քվեարկությունը կարելի՞ է դիտարկել նաև իր՝ Արմեն Գևորգյանի քվեարկություն»։
 
Civic.am-ը փորձեց կապ հաստատել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հետ՝ լսելու պատգամավորի դիրքորոշումը, սակայն մեզ չհաջողվեց։ Արմեն Գևորգյյանի հետ կապվելու բոլոր փորձերն ապարդյուն էին։ Արմեն Գևորգյանի խմբակցությունը ևս լռում է իրենց պատգամավորի քվոտայով քվեարկության առթիվ։ 

Ինչպես հայտնի է՝ հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, որը ոչ միայն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի արդյունքում արձանագրված ձեռքբերումներին, այլև ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. «Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և 2020թ. 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի և գործողությունների անընդունելի լինելը։ Վեհաժողովը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։ Այս բանաձևին դեմ են քվեարկել ադրբեջանցի, թուրք պատվիրակները և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ 

Եվ թեպետ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել էր, որ Վեհաժողովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնուամենայնիվ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը, անդրադառնալով իր կողմից բանաձևին դեմ քվեարկելուն, Ֆեյսբուքի իր էջում գրառել էր, որ զեկույցը վերաբերում էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը և որևէ կերպ չի վերաբերում Արցախին կամ հայ-ադրբեջանական հարաբերություններին: «Զեկույցում որևէ խոսք չկա մեր երկրում իրականացվող հակաօրինական գործընթացների մասին՝ դատարանների շրջափակում, Սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի զավթում, քաղաքական բանտարկյալներ, մամուլի նկատմամբ բռնաճնշումներ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրություններ, բռնության կոչեր, ոստիկանապետության հաստատում և այլն»,- գրել էր Մամիջանյանը: