Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նախորդ անգամ ես 2021 թվականի հունիսին էի եկել Երևան, այժմ տրամադրությունը փոխվել է, ավելի խրախուսող է դարձել». Ավստրիայի ԱԳ նախարար

Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստանում է Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես են գալիս մամուլի ասուլիսով։

Արարատ Միրզոյանը ողջունեց Շալենբերգի այցը Երևան և նկատեց, որ այցը համընկնում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Նախարար Միրզոյանը տեղեկացրեց նաև, որ իր գործընկերոջը ուղեկցում է նաև ավստրիական բիզնես-պատվիրակություն, և վաղը տեղի կունենա նաև բիզնես-ֆորում։ Բացի դրանից, կբացվի նաև Ավստրիական զարգացման գործակալությունը Երևանում։

Արարատ Միրզոյանը նշեց, որ երկկողմ զրույցի ընթացքում քննարկել են թե՛ երկկողմ հարցեր, թե՛ տարածաշրջանային և աշխարհում ընթացող գործընթացներին վերաբերող հարցեր։ «Ես նախարար Շալենբերգի հետ կիսվել եմ մեր տարածաշրջանում ընթացող գործընթացներով՝ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումներով, և նաև տեղեկացրել եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումների մասին։ Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ պարոն Շալենբերգը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնում հումանիտար խնդիրների լուծման գործում»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Ալեքսանդր Շալենբերգը իր հերթին շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին ջերմ ընդունելության համար և նշեց, որ վերջին 12 ամիսների ընթացքում սա Ավստրիայի ԱԳ նախարարի երկրորդ այցն է Երևան, ինչը ցույց է տալիս հարաբերությունների կարևորությունը։ «Նախորդ անգամ մենք մեզ հետ Ռումինիայից և Լիտվայից հստակ ուղերձ էինք բերել, որ որպես Ավստրիա և Եվրոպական միություն աջակցում ենք կայուն, խաղաղ Հարավային Կովկասի հաստատմանը։ Մենք հետաքրքրված ենք և վստահ ենք, որ այստեղ մեծ ներուժ կա։ Նախորդ անգամ ես 2021 թվականի հունիսին էի այստեղ, այժմ տրամադրությունը փոխվել է, ավելի խրախուսող է դարձել։ Կուզեի նշել, որ, այո՛, պետք է աշխատենք ռեգիոնում լարվածությունը թուլացնելու, վստահությունը վերականգնելու ուղղությամբ, և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ամբողջ ռեգիոնի և Հայաստանի ժողովրդի համար մեծ քայլ կլինի»,- ասաց Ալեքսանդր Շալենբերգը։
Ավստրիայի ԱԳ նախարարը նշեց, որ շուրջ 20 բիզնես-կազմակերպությունների ներկայացուցիչներ են իր հետ եկել Հայաստան, և վստահություն հայտնեց, որ կգտնվեն համատեղ աշխատանքի եզրեր։