Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են հեռահաղորդակցության և թվայնացման ոլորտներում Հայաստանի և Ավստրիայի կողմից իրականացվող աշխատանքները

Քննարկվել են հեռահաղորդակցության և թվայնացման ոլորտներում Հայաստանի և Ավստրիայի կողմից իրականացվող աշխատանքները
Քաղաքականություն
21:43, 03 февраль 2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 2-ին ընդունել է Ավստրիայի թվայնացման և տնտեսական հարցերի դաշնային նախարարության տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն, տնտեսական համագործակցության հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ֆլորիան Ֆրաուշերի գլխավորած պատվիրակությանը։
 
Ավստրիական պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայ-ավստրիական համագործակցության միջկառավարական ութերորդ նիստին մասնակցելու նպատակով:
 

 
Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեությունը, առաջնահերթություններն ու նախանշված ծրագրերը և նշել, որ նախարարության համար թվայնացման ոլորտում ավստրիական փորձն առանձնակի կարևորություն ունի: Նա ընդգծել է, որ Հայաստանի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն նաև որպես ԵՄ երկիր: Այս համատեքստում Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի նաև ԵՄ ծրագրերի շրջանակում:
 
Ֆլորիան Ֆրաուշերն ընդգծել է առկա  համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել լավագույն փորձի փոխանակմամբ նպաստել դրանց հետագա զարգացմանը, մասնավորապես՝ էլեկտրոնային կառավարման և հանրային ծառայությունների թվայնացման, բաց կառավարման տվյալների և թվային տնտեսության զարգացման ոլորտներում: 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հեռահաղորդակցության, թվայնացման, նորարարության, ՏՀՏ ոլորտներում երկու պետությունների կողմից իրականացվող աշխատանքներն ու մշակվող ծրագրերը, երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Հաշվի առնելով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի՝ խելացի քաղաքների վարկանիշային աղյուսակում աշխարհում առաջին տեղը գրավելու հանգամանքը՝ անդրադարձ է կատարվել նաև մեր մայրաքաղաքի հետ փորձի փոխանակման հնարավորությանը:
 

 
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերհանված հարցերի շուրջ առավել հանգամանալից քննարկում ունենալ հաջորդիվ կայանալիք հայ-ավստրիական բիզնես ֆորումի շրջանակներում: