Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կուսակցությունների լուծարման դեպքում վաճառվել է գույքը և փոխանցվել պետական բյուջե, ինչն օրենքից չբխող գործողություններ է առաջացնում. Երանուհի Թումանյանց

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը և կից օրենքների նախագծերի փաթեթը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցից հետաքրքրվեց, թե որն է նախագծի առաջացման հիմքը, և ինչու է որոշվել նման նախագիծ ներկայացնել, և կա՞,  օրինակ, այս պահին անհրաժեշտություն այս օրենքն ընդունելու։

Ի պատասխան նախարարի տեղակալն ասաց. «Այո՛, պարոն Բագրատյան, պրակտիկայում մշտապես այս հարցն առաջացել է, հիմնականում միջոցներ են ձեռնարկվել վաճառելու այդ գույքը, սարքելու դրամական միջոց, որպեսզի փոխանցվի պետբյուջե, ինչն իհարկե, որպես այդպիսին, օրենքից չբխող գործողություններ և խնդիրներ է առաջացնում։ Հենց դրա համար, որպեսզի այս խնդիրները համապարփակ, միանգամից լուծում ստանան, միանգամից ամբողջական լուծում է տրվել, ոչ թե սպասելով կոնկրետ ինչ-որ բյուրոյի լուծարման կամ կուսակցության լուծարման առանձին դեպքերի, այլ ուղղակի համապարփակ լուծում տրվի հետագայում հնարավոր խնդիրների առաջացման դեպքում։ Բայց հիմնադրամների, ՊՈԱԿ-ների դեպքում այս խնդիրն ունենում ենք»,- ասաց Երանուհի Թումանյանցը։   

Արձագանքելով՝ Սերգեյ Բագրատյանը հարցրեց, թե այն կարգը, որ գոյություն ուներ, որ աճուրդով վաճառվում էր գույքը և այդ գումարը մուտք էր արվում պետական բյուջե, այդ կարգավորումը խնդրահարո՞ւյց է։  

Երանուհի Թումանյանցն էլ ասաց հետևյալը. «Այո՛, որովհետև ստացվում է մի իրավիճակ, որ օրենքով հստակ գրված է, որ դա պետք է փոխանցվի պետական բյուջե, և այդ աճուրդային ու այլ գործընթացը, որպես այդպիսին, նախատեսված չէ  այդ գործընթացում։ Հետևաբար ստացվում է, որ օրենսդրությամբ չնախատեսված գործընթաց է այդտեղ իրականացվում, դրա համար այս մասով ուղղակի կարգավորում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում