Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը սահմաններ չունի. Պուտինի և Ծինփինի գագաթնաժողովին 16 փաստաթուղթ է ստորագրվել

Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը սահմաններ չունի. Պուտինի և Ծինփինի գագաթնաժողովին 16 փաստաթուղթ է ստորագրվել
Քաղաքականություն / Աշխարհ
12:38, 05 февраль 2022
Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը սահմաններ չունի, երկրների համագործակցության մեջ արգելված գոտիներ չկան: Այս մասին նշված է Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի՝ Պեկինում կայացած հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ:

Փաստաթուղթը վերաբերում է միջազգային հարաբերությունների նոր դարաշրջան մուտք գործելուն և համաշխարհային կայուն զարգացմանը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանն ու Չինաստանը հանդես են գալիս համաշխարհային տերությունների միջև նոր տեսակի հարաբերությունների ձևավորման օգտին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, խաղաղ համագոյակցության և փոխշահավետ համագործակցության վրա։ Նախագահները կոչ են արել պետություններին՝ քայլեր ձեռնարկել միջուկային պատերազմների ռիսկերը նվազեցնելու համար:

«Կողմերը միասնական են՝ հասկանալու, որ ժողովրդավարությունը համամարդկային արժեք է, այլ ոչ թե առանձին պետությունների արտոնություն, դրա առաջխաղացումն ու պաշտպանությունը համաշխարհային հանրության ընդհանուր խնդիրն է»,- ասված է հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ որևէ երկիր չի կարող և չպետք է ապահովի իր անվտանգությունը՝ աշխարհի անվտանգությունից մեկուսացած և այլոց անվտանգության հաշվին։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուս-չինական գործընկերությունն աննախադեպ մակարդակի վրա է, իսկ Սի Ծինփինն ընդգծել է ՌԴ-ի և Չինաստանի միջև քաղաքական ու ռազմավարական փոխվստահության ամրապնդումը: ՉԺՀ նախագահն արդար է համարել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ Ռուսաստանի պահանջները:

Գագաթնաժողովից հետո Ռուսաստանի և Չինաստանի նախագահները մասնակցել են Պեկինում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: