Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հունիսի 1-ը ողջամիտ ժամկետ չէ․ արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպվեն նոր ԸՕ-ով․ «Իմ քայլի» պատգամավոր

Հունիսի 1-ը ողջամիտ ժամկետ չէ․ արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպվեն նոր ԸՕ-ով․ «Իմ քայլի» պատգամավոր
Քաղաքականություն / Հայաստան
20:00, 15 март 2021
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կարծես թե, արդեն փաստ է։ Իշխանությունն ու ընդդիմությունը ներկայումս բանակցում են ժամկետների շուրջ։

Ընդդիմությունն իր ժամկետներն ու պայմաններն է առաջարկում, իշխանությունը՝ իր։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների գործընթացը պետք է ավարտվի մինչև հունիսի 1-ը։

«Ժամկետները մեզ համար կարևոր են։ Մենք կունենանք համախոհություն, եթե մեր ասած ժամկետում իրականացվի։ Հունիսի 1-ից հետո մենք չենք կարող երաշխավորել, որ խորհրդարանում վարչապետի առաջադրումներ չեն լինի։ Հետևաբար մեր կոնսենսուսը կարող է կայանալ, եթե այն տեղի է ունենում մինչև հունիսի 1-ը»,- ասել է Մարուքյանը՝ հապճեպությունը բացատրելով երկրում առաջացած խորը ճգնաժամով։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը, սակայն, Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ելակետ պետք է լինի ոչ թե ընտրությունների ժամկետը, այլ որպես ուղենիշ, առաջնային կարևորության հարց պետք է դիտարկել այն կանոնները, որոնցով քաղաքական ուժերը պետք է գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նոր կանոններով՝ Ընտրական նոր օրենսգրքով անցկացնելը Ջուլհակյանը կենսական անհրաժեշտություն է համարում։ 

«Մենք պետք է մինչև ընտրությունները ընդունենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և նոր ընտրական օրենսգրքով, խաղի նոր կանոններով գնանք ընտրությունների»,- ասաց պատգամավորը՝ հավելելով որ իշխանությունը կհասցնի ընդունել Ընտրական նոր օրենսգիրքը, բայց խնդիրն այն է, որ ընտրությունների կազմակերպման մեջ ներգրավված ինստիտուտները պետք է հասցնեն իրենց գործունեությունը համապատասխանեցնել նոր կանոններին․ «Հետևաբար ես չեմ կարծում, որ հունիսի 1-ը իրատեսական ժամկետ է և, օրինակ, ԿԸՀ-ն կհասցնի իր գործունեությունը ներդաշնակեցնել Ընտրական նոր օրենսգրքին։ Հետևաբար քաղաքական ուժերը պետք է բանակցեն և քննարկեն այլ ժամկետներ։ Սա է իմ դիրքորոշումը և հույս ունեմ, որ այս դիրքորոշման վերաբերյալ կկարողանանք ձևավորել կոնսենսուս քաղաքական ուժերի լայն շրջանակների հետ։ Մեր քաղաքական ուժը այս հարցը դեռ շարունակում է քննարկել, բայց կարող եմ ասել, որ իմ շատ գործընկերներ կիսում են իմ կարծիքը»,- ասաց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ գործող Ընտրական օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը, մեղմ ասած, լավագույն միտքը չէ։ «Մենք պետք է կշռադատված գործենք, պետք է դանդաղ շտապենք, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ կազմակերպել մեր պետության կառավարումը»,-ընդգծեց  Ջուլհակյանը։

Կենտրանական ընտրական հանձնաժողովը դեռևս որևէ նախապատրաստական աշխատանք չի իրականացնում արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը  Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները սկսվում են ընտրություններ նշանակելուց հետո։

Մեր դիտարկմանը՝ եթե ընտրությունները ամեն դեպքում անցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ն կհասցնի՞ պատրաստվել դրանց, և արդյոք ողջամիտ, իրատեսական են հրապարակվող ժամկետները արտահերթ ընտրությունների համար Մուկուչյանը նույն պատասխանը տվեց․ «Ընտրություններ նշանակողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ։ Երբ նշանակվեն ընտրությունները, ԿԸՀ-ն իր գործառույթները կիրականանցի։ Քանի դեռ ընտրություններ նշանակված չեն՝ ԿԸՀ-ն որևէ գործառույթ չունի, և ես որևէ բան հիմա չեմ կարող ասել»։

Արփի Հարությունյան