Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գլխավորը թափանցիկ ընտրությունների անցկացումն է․ հին, թե նոր Ընտրական օրենսգրքով՝ այդքան էլ էական չէ»․ Վիգեն Խաչատրյան

«Գլխավորը թափանցիկ ընտրությունների անցկացումն է․ հին, թե նոր Ընտրական օրենսգրքով՝ այդքան էլ էական չէ»․ Վիգեն Խաչատրյան
Քաղաքականություն / Հայաստան
20:40, 15 март 2021
Նախկին պատգամավոր, քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը համոզված է, որ ներկա իրավիճակից ելք կարող են լինել  հերթական կամ արտահերթ ընտրությունները, և որ գլխավորը թափանցիկ ընտրությունների անցկացումն է։

«Թե Ընտրական ո՞ր օրենսգրքով կգնանք այդ ընտրություններին, այդքան էլ էական չեն։ Այդ թեմայի շահարկումները մանիպուլյացիոն են», - Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։ 

Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ երկրում պետք է անցկացնել արտահերթ ընտրություններ, և ԲՀԿ-ն, փաստորեն, մասնակցելու է այդ ընտրություններին։ Միաժամանակ «Հայրենիքի փրկության շարժումը», որի անդամ է նաև ԲՀԿ-ն, ի դեմս Գեղամ Մանուկյանի և Վազգեն Մանուկյանի, հայտարարում է, թե ամեն ինչ պետք է անել, որպեսզի կանխվի այս իշխանությունների օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը։ 

Իրար հակասող այս տեսակետներից որի՞ն է հակված ԲՀԿ-ն և «Հայրենիքի փրկության շարժումը» ի՞նչ կարող է անել՝ տապալելու համար հնարավոր արտահերթ ընտրությունները հարցին ի պատասխան Վիգեն Խաչատրյանն ասաց․ «Ես չգիտեմ իրենք ի՞նչ կփորձեն անել։ Եթե խոսքը գնում է հնարավոր «դեբոշների», արյուն թափելու և այլնի մասին, ապա դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները», - նշեց Խաչատրյանը։


Վիգեն խաչատրյանի խոսքով՝ ինքը տպավորություն ունի, որ Վազգեն Մանուկյանը ինչ-որ մեկի հրամանն է կատարում։ Թե կոնկրետ ու՞մ հրամանը, Խաչատրյանը չգիտի․ դա ուղղակի տպավորություն է։ 

Դիտարկմանը, թե ընտրությունների օր նշանակելուց հետո «Փրկության շարժումը» կարող է փլուզվել, կազմաքանվել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ԲՀԿ-ն մասնակցելու է այդ ընտրություններին, նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է խոսել  մասնակցության մասին. ասաց. ««Հայրենիքի փրկության շարժումը» արդեն իսկ փլուզված է, քանի որ այնտեղ դերակատարում ունեն միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, իսկ մնացածները ուղղակի ֆոն են ապահովում և չարժի իրենց անվանել 17 կամ 16 ուժեր»։

Բացի դրանից, ըստ նրա, ակնհայտ է, որ շարժումը չունի նաև հանրային լայն աջակցություն։ 

Անդրադառնալով Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որտեղ վերջինս ասել էր, թե «արտահերթ ընտրություններ չեն լինելու», Խաչատրյանը հայտարարեց․ «Գեղամ Մանուկյանն ավելի լավ է զբաղվի իրենց կուսակցության ներքին խնդիրներով»։

Վիգեն Խաչատրյանը հիշեցրեց, որ խնդիրները կապված են ՀՅԴ-ի՝ ամերիկյան կառույցների կողմից ֆինանսավորման հետ։ «Ստացվում է, որ ՀՅԴ-ն Ամերիկայի իր կառույցներից ֆինանսավորվել է, ինչը օրենքի խախտում է», - մանրամասնեց նախկին պատգամավորը։
 
Վովա Հակոբյան