Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ամեն ինչ օրենքով լիներ, ապա կյանքը ուրախ կլիներ, ապրուստը՝ ձրի, Հայաստանն էլ՝ ծովից ծով. Բաբկեն Թունյանը՝ ընդդիմությանը

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հերթական նիստ: Այժմ քննարկվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

 «Հայաստան» դաշինքն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ:
«Եթե ձեր բերած տարբերակով այս նախագիծն ընդունվի, ապա պատգամավորների, նախարարների և մնացած պետական պաշտոնյաների աշխատավարձն ավելի շատ է բարձրանալու, քան նվազագույն աշխատավարձը»,- իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և հավելեց, որ նախագիծը թերի է:

Նա հիշեցրեց, որ 2012-17թթ. կառավարության ծրագրով, որի մաս էին կազմում այսօր ԱԺ-ում գտնվող պատգամավորների մի մասը, խոստացել էին բարձրացնել նվազագույն աշխատավարձը, սակայն չէին կատարել:

«Ասում են՝ դեպի դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով. հիմա ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելու ձեր առաջարկը մեզ տանելու է շատ վատ տեղ»,- նշեց պատգամավորը և հորդորեց կարդալ Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որում նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու ռիսկերը նա հիմնավոր ներկայացրել է:

Թունյանի խոսքով՝ եթե ամեն ինչ օրենքով լիներ, ապա կարող էին օրենքով ֆիքսել, որ կյանքը պետք է ուրախ լինի, ապրուստը՝ ձրի, Հայաստանն էլ՝ ծովից ծով. «Սակայն օրենքը նպատակ չէ, այլ միջոց է նպատակներին հասնելու համար: Մենք խոստացել ենք նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ դարձնել ու դա անելու ենք՝ առանց դրա մասին լրացուցիչ թմբկահարելու»:

Մանրամասն՝ տեսանյութում: