Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հիմա էլ Ձեր կողմից շահարկվում է, թե իբր ավագանու անդամը ֆիզարձակուրդում է և «Իմ քայլը» դադարեցնու՞մ է նրա լիազորությունները»․ Դավիթ Խաժակյանը՝ Իզաբելլա Աբգարյանին

«Հիմա էլ Ձեր կողմից շահարկվում է, թե իբր ավագանու անդամը ֆիզարձակուրդում է և «Իմ քայլը» դադարեցնու՞մ է նրա լիազորությունները»․ Դավիթ Խաժակյանը՝ Իզաբելլա Աբգարյանին
Քաղաքականություն
12:44, 08 февраль 2022
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում էր վաղաժամկետ դադարեցնել «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները։ Արմեն Գալջյանը նշեց, որ եղել է ժամանակահատված, երբ Լուսինե Մխոյանի բացակայությունները եղել են հարգելի և այդ բացակայություները ներառված չեն։ Բացի դրանցից Լուսինե Մխոյանը ևս որոշակի ժամանակահատված չի հաճախել նիստերին, և դա բավարար է Մխոյանի լիազորությունները դադարեցնելու համար։

Արմեն Գալջյանը նշեց, որ էլի կան գործընկերներ, որոնց բացակայությունների թիվը հատել է օրենքով թուլյատրված շեմը, սակայն միայն Մխոյանի դեպքում են գնում այս քայլին, որովհետև այլ տարբերակ չի մնացել, մյուս դեպքերում կկիրառվեն այլ քայլեր։ Արմեն Գալջյանը նշեց, որ Մխոյանի հետ քննարկումներ ունեցել են, հորդրորել և խնդրել են ակտիվություն ցուցաբերել, սակայն քննարկումները արդյունք չեն տվել։

Հարցուպատասխանի ընթացքում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին, թե արդյո՞ք այս հարցը օրակարգ բերվելու էր, եթե Լուսինե Մխոյանը միացած լիներ Հայկ Մարությանի իմփիչմենթի գործընթացին, Արմեն Գալջյանը նշեց, որ Լուսինե Մխոյանի հետ քաղաքական զրույց ունեցել են կապված Մարությանին անվստահություն հայտնելու հետ, սակայն հայացքները չեն հատվել, բայց այս նախագիծը դրա հետ կապ չունի և դրա ապացույցն այն է, որ էլի կան խմբակցության ներսում անդամներ, ովքեր չեն միացել Մարությանի իմփիչմենթի գործընթացին, սակայն նստած են դահլիճում։ Բացի այդ, նշվեց, որ Լուսինե Մխոյանը գտնվում է ֆիզարձակուրդում և բարոյական տեսանկյունից ճիշտ չէ նման քայլը, ինչին ի պատասխան Արմեն Գալջյանը նշեց, որ հարգելի բացակայությունները չեն հաշվել և տիկին Մխոյանը կարող էր ամսեկան մեկ նիստի ներկայանալ, առավել ևս, երբ կա նախադեպ, երբ ավագանու անդամներից իրենց երեխայի հետ են ներկայացել նիստերին։ Բացի այդ, քաղաքապետը կարծիք հայտնեց, որ եթե Լուսինե Մխոյանը չի կարող համատեղել ընտանեկան հարցերը ավագանու անդամի լիազորություների հետ, ապա նորմալ կլինի, որ իր տեղը զիջի ավագանու ցուցակից հաջորդ համարին։

Դավիթ Խաժակյանը նշեց, որ օրենքով, երբ ավագանու անդամը չարաշահում է բացակայությունների շեմը, խմբակցությունը ոչ թե պարտավոր է, այլ իրավունք ունի բարձրացնել լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը և այս դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է օգտվել իր այդ իրավունքից։ «Ինձ համար տհաճ են այս խոսակցությունները, որ գիտեք, նա կին է, ֆիզարձակուրդում է, դրա համար են ուզում լիազորությունները դադարեցնել։ Դրանում տրամաբանություն չկա, դա շահարկում է։ Ընդ որում, կարծում եմ, որ տիկին Մխոյանը հիմա դիտելով ձեր ելույթները, այդքան էլ ոգևորված չէ, որ այդ հանգամանքը այդքան շեշտվեց։ Վստահ եմ, եթե ավագանու անդամը ցանկություն ունենար գալու՝ կգար։ Վստահ եմ եթե միայն դա լիներ խնդիրը «Իմ քայլը» կքննարկեր և դժվար թե ասեր․ կապ չունի պատճառը, մենք չենք ընդունում։ Իսկ եթե քաղաքական տարաձայնությունը եղել է Մարությանի հրաժարականին միանալ չմիանալը, տիկին Աբգարյան, Դուք էլ կարող էիք Ձեր մանդատը վայր դնել, ուղղակի ժամանակին ավելի շուտ հասցրեցիք դնել։ Դուք հիմա անընդհատ ներկայացնում եք Մարությանի շահերը։ Ամեն ինչ փորձում եք անել, որպեսզի ցույց տաք, թե այ ինչքան լավ էր Մարությանի ժամանակ։ Էնքան վնաս, ինչքան Մարությանը ՏԻՄ-ին հասցրեց, դժվար է գնահատել։ Ուղղակի չեմ ուզում անընդհատ Ձեզ հետ բանավիճել, որպես Մարությանի ներկայացուցիչ, բայց Ձեր ելույթները այդպիսի բովանդակություն ունեն։ Հիմա էլ Ձեր կողմից շահարկվում է, թե իբր կինը ֆիզարձակուրդում է, բայց «Իմ քայլը» չի հանդուրժու՞մ դա։ Այսինքն Դուք, Ձեր գործընկերներին, ում հետ մեկ տարուց ավել աշխատել եք, այդպե՞ս եք ճանաչում։ Ես կարծում եմ շատ նորմալ է, երբ ֆրակցիան քննարկում և որոշում է ինչ-որ մեկի մանդատը դադարեցնելու հարցը և այս շահարկումները ինձ համար հաճելի չեն», - ասաց Դավիթ Խաժակյանը։