Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկեք դադարեցնենք հրավիրել արտաքին խաղացողներին մեր ներքաղաքական դաշտ. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Եկեք դադարեցնենք հրավիրել արտաքին խաղացողներին մեր ներքաղաքական դաշտ. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Քաղաքականություն
17:25, 08 февраль 2022
«Երբ դուք 2018-ի հեղափոխությունը անվանում եք իշխանազավթում, ես ուզում եմ հասկանալ՝ ումից ով է զավթել իշխանությունը: Եթե նկատի ունեք, որ Հայաստանի ժողովուրդը զավթել է իշխանությունը Սերժ Սարգսյանից, գուցե կարող եք ձեր տեսանկյունից այդպես մեկնաբանել, բայց տրամաբանական չէ, էլի, ասել, որ ժողովուրդը իշխանազավթում է իրականացրել»,- այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո երկու ընտրություն է տեղի ունեցել. «Եվ գոնե առաջինը ՀՀԿ-ն չի վիճարկել»:

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթին՝ կապված Բելառուսի նախագահի հայտարարության հետ, նա ասաց. «Դուք արտերկրից հնչած մտքերն օգտագործեցիք ներքաղաքական դաշտում ձեր քաղաքական հակառակորդների, այս համատեքստում՝ մեզ, հարվածելու համար»:

Ռուբինյանի խոսքով՝ ի պատասխան դրա ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկն էլ կարող է հիշեցնել ԵԱՏՄ նիստի ժամանակ Ղազախստանի նախկին նախագահի կարդացած նամակը Սերժ Սարգսյանի ներկայությամբ. «Բայց խնդրում եմ դա չանել, որովհետև արտերկրից հնչած որևէ միտք չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում, քանզի դրանով հնարավորությւոն ենք տալիս Հայաստանից դուրս գտնվող ուժերին ազդել ՀՀ քաղաքական դաշտի վրա: Եկեք դադարեցնենք այս պրակտիկան և դադարեցնենք արտաքին խաղացողներին հրավիրել մեր ներքաղաքական դաշտ»: