Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Մանուկյանը միայնակ հանրահավաք է հրավիրել․ 16-ի շարժումն էլ նրա հետ չէ՞

Վազգեն Մանուկյանը միայնակ հանրահավաք է հրավիրել․ 16-ի շարժումն էլ նրա հետ չէ՞
Քաղաքականություն
18:39, 11 февраль 2021

Չնայած 16 կուսակցությունները հայտարարել են փետրվարի 20-ին համատեղ հանրահավաք անցկացնելու մասին, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարություն  տարածեց, որով  կոչ արեց վաղը՝ փետրվարի 12-ին, հավաքվել Ազատության հրապարակում և որոշել ազգի հետագա ճակատագիրը։ Ուշագրավն այն է, որ հայտարարությունն արվել է ոչ թե շարժման, որի վարչապետի միասնական թեկնածուն է Մանուկյանը, այլ միայն Մանուկյանի կողմից։ Այսինքն՝ վաղվա հանրահավաքը 16 կուսակցությունների նախաձեռնությունը չէ։ 

Civic.am-ը Վազգեն Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանից հետաքրքրվեց, թե միայնակ հանարահավաք հրավիրելով Վազգեն Մանուկյանը չի՞ տարանջատվում  16 ուժերի ձեւաչափից։ «Ոչ, բացարձակապես»,- հավաստիացրեց խոսնակը՝ հավելելով․ «Ես կարծում եմ, որ այն ուժերը, որոնց նպատակը մեկն է՝ այս իշխանության հեռացումը, բնականաբար այդ նախաձեռնության կողքին են լինելու, առավել եւս այն ուժերը, որոնց միասնական թեկնածուն է Վազգեն Մանուկյանը։ Դա Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն է, ես կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանը իրավունք ունի որպես քաղաքկան գործիչ առանձին անձ ցանկացած նախաձեռնությամբ հանդես գալու, բայց դա չի նշանակում, որ շարժման եւ իր միջեւ ինչ-որ խնդիր կա»։

Հստակեցմանը, թե արդյոք շարժման ներկայացուցիչները վաղը գալո՞ւ են Մանուկյանի հանրահավաքին, խոսնակը պատադսխանեց, որ իր կարծիքով, շարժման մասնակից մյուս ուժերը, իհարկե, գալու են և ներկա են լինելու և սատարելու են նախաձեռնությանը։

Հարցին՝ արդյո՞ք հանրությունը վաղը կաջակցի իրենց, Մանուկյանի խոսնակն արձագանքեց․ «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, եթե հանրությունը չի աջակցում նման օրակարգի՝ այդ դեպքում մենք ինչի՞ մասին ենք առհասարակ խոսում․ ընդհակառակը՝ հանրությունը դժգոհում է, որ ընդդիմությունը, շարժումը օպերատիվորեն չի արձագանքում այն իրավիճակին, որն առկա է մեր երկրում, քանի որ մեզ համար ամեն մի օրը շատ կարևոր է»։ 

Մինչդեռ մեզ հետ զրուցած 16 կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ տեղյակ չէին Մանուկյանի հրավիրած հանրահավաքի մասին։ Օրինակ՝ «Հայրենիք» կուսակցության խոսնակ Արսեն Բաբայանն ասաց, որ տեղյակ չէ, չի քննարկել և չունի տեղեկություն՝ կուսակցությունը աջակցո՞ւմ է այդ հանրահավաքին, թե՞ չի աջակցում։ Իսկ   Գագիկ Ծառուկյանի խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Իվետա Տոնոյանն ասաց, որ դեռեւս չեն քննարկել իրենց մասնակցությունը վաղվա հանրահավաքին և ինքը տեղեկատվություն չունի։

Գեղամ Ադյան