Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարկավոր է արագ ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով. Զախարովա

Հարկավոր է արագ ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով. Զախարովա
Քաղաքականություն
21:26, 09 февраль 2022
Մոսկվան  ողջունում է Ադրբեջանի կողմից փետրվարի 7-ին ութ զինծառայողների հանձնումը հայկական կողմին՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան ընդգծել է, որ կարևոր է հնարավորինս արագ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների այդ խնդրահարույց հարցը, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով:
 
Զախարովան հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբեր 2-ից մինչև հիմա ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է ընդհանուր առմամբ 146 մարդ՝ 127-ը՝ հայկական կողմին և 19-ը՝ ադրբեջանական կողմին:
 
«Կարևոր ենք համարում ջանքեր գործադրել՝ հստակեցնելու հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագիրը, և մենք նպաստելու ենք դրան ինչպես միջպետական  մակարդակում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- նշել է Զախարովան: Ասուլիսի ժամանակ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը  մշակութային ու պատմական ժառանգության պահպանման հարցը քննարկում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ ավանդական շփումների ժամանակ: «Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս շուտ կազմակերպման օգտին»,- նշել է Զախարովան: 
 
«2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ կար կոչ Հայաստանին և Ադրբեջանին՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հումանիտար, այդ թվում և՝ պատմական ու մշակութային կոթողների պահպանության  հարցերում իրական առաջընթաց գրանցելու նպատակով»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: