Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի ունեցած փոփոխությունները խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար. Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Դալիա Աբդել Ֆաթթահի հետ

Տեղի ունեցած փոփոխությունները խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար. Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Դալիա Աբդել Ֆաթթահի հետ
Քաղաքականություն
11:31, 10 февраль 2022
Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը փետրվարի 8-ին հանդիպել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, դեսպան Դալիա Աբդել Ֆաթթահի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ զրույցի ընթացքում դեսպան Փոլադյանը ներկայացրել է ԵԱՀ քաղաքացիների համար ընդունված խմբային վիզային ռեժիմի պարզեցված համակարգը, որն արդեն իսկ մտել է ուժի մեջ։ Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած փոփոխությունները խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար։

Այս համատեքստում, հաշվի առնելով 2021թ. նոյեմբերի 28-ին ՀՀ դեսպանի և ԵԱՀ զբոսաշրջության և հնությունների նախարար Խալիդ էլ-Էնանիի հետ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները, զրուցակիցները քննարկել են հայկական և եգիպտական տուր-օպերատորների միջև առաջին բիզնես-ֆորումի կազմակերպման հարցը։

Զբոսաշրջության բնագավառում հայ-եգիպտական համագործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են Շարմ էլ Շեյխ – Երևան և Հուրգադա – Երևան կանոնավոր չվերթների առկայությունը, որոնց ներուժը դեռ ամբողջությամբ չի օգտագործվում։

Զրույցի ավարտին եգիպտացի պաշտոնյան անդրադարձել է Եգիպտոսի հայ համայնքի դրական դերակատարությանը և կարևորությանը Եգիպտոսի, ինչպես նաև՝ հայ-եգիպտական հարաբերությունների համար։