Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Բաբայանը Եվրախորհրդարանի քաղաքական ուժերի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Դավիթ Բաբայանը Եվրախորհրդարանի քաղաքական ուժերի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
12:50, 11 февраль 2022
Փետրվարի 7-10-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում. տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից:

Այցի շրջանակում նախարարը հանդիպել Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամական խմբի անդամների հետ, որոնք ներկայացնում են Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Կայացել են նաև հանդիպումներ եվրոպական կառույցների ներկայացուցիչների, Բելգիայի քաղաքական, հասարակական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախի զարգացման գործընթացին, Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության տարբեր դրսևորումներին առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը ողջ քաղաքակիթ աշխարհին նետված մարտահրավեր էր, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով այդ թվում նաև Եվրոպայի և այլ երկրների համար։ Նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում՝ որպես խաղաղության և կայունության պահպանման առանցքային բաղադրիչ:

Նախարար Բաբայանը կարևորել է համահայկական կառույցների դերակատարությունը Սփյուռքի հետ կապերի ամրապնդման և խորացման գործընթացում՝ երախտագիտություն հայտնելով Հայ Դատին և նրա ստորաբաժանումներին՝ տարիներ շարունակ իրականացրած հետևողական աշխատանքի համար։ Արտգործնախարարը հանդիպել է նաև տարբեր բուհերի ուսանողների հետ և հանդես եկել դասախոսությամբ։

Արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախի պատմությունը, պետականաշինության գործընթացը, արտաքին քաղաքականության հեռանկարներն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարեգրությունը, ներկա իրողությունները և հնարավոր զարգացումները։ Դավիթ Բաբայանն Արցախի Հանրապետության իշխանությունների անունից ծաղկեպսակ է դրել Բրուսելում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին։