Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա ընդամենը փախուստ է. պատգամավորները՝ պատերազմին առնչվող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու ընդդիմության որոշմանը

Սա ընդամենը փախուստ է. պատգամավորները՝ պատերազմին առնչվող հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու ընդդիմության որոշմանը
Քաղաքականություն
15:26, 11 февраль 2022
Ինչպես հայտնել ենք, ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հայտնել են, որ որոշում են կայացրել չմասնակցել իշխանությունների ստեղծած քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Այս հայտարարությանն անդրադարձել են  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝  քննադատության ենթարկելով ընդդիմության նման դիրքորոշումը:

«Այս մարդիկ, փոխարեն մասնակցելու և իրենց հարցերի պատասխաներնն անձամբ ստանալու, գերադասեցին նոր օրակարգ սահմանել` քննիչ հանձնաժողովը համարել իշխանության կամակատար մարմին։

Սա ընդամենը փախուստ է։

Սա ցավոտ ճշմարտությունը չիմանալու մասին է։

Սա արդեն ծիծաղելի էլ չէ պարոնա՛յք, սա արդեն խոսում է, թե որքան խղճուկ եք դուք»,- իր էջում գրել է պատգամավոր Արփի Դավոյանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը գրել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելով ու հստակ փաստերը տեսնելով երևի թե ընդդիմության համար դժվար կլիներ նորից մանտրայի պես կրկնել միֆական դավաճանության մասին։

«Ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցի պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքին ու նշել, թե իբր այդ հանձնաժողովը միտված է լինելու իշխանության անմեղության ապացուցմանը։

Հազար ներողություն, բայց եթե իշխանությունը իրոք մեղավոր է, հանձնաժողովն էլ կազմվել է՝ բա դուք ինչի՞ համար եք։ Եկեք, մասնակցեք հարցաքննություններին, ստուգեք փաստաթղթերն ու փաստական ապացույցները։ Ապացուցեք։ Բա էլ ինչի՞ համար եք։

Ու վերջապես․ այս մարդիկ խորհրդարան են եկել որպեսզի հնարավորություն ունենան ՍԴ-ում վիճարկել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, նրանց իրենց ունեցվածքն է հետաքրքիր, մենք էլ եկել շեղում ու պատերազմի հանգամանքները քննող ինչ-որ հանձնաժողովից ենք խոսում»,-գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով։