Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ-ում տեղյակ չեն իրենց իսկ նախաձեռնած Դիմադրության հզոր շարժումից. «Հայաստանի թրքացման դեմ» պայքարն անտեր է մնացել

ՀՅԴ-ում տեղյակ չեն իրենց իսկ նախաձեռնած Դիմադրության հզոր շարժումից. «Հայաստանի թրքացման դեմ» պայքարն անտեր է մնացել
Քաղաքականություն
19:24, 11 февраль 2022
«Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը դեռ նախորդ տարի Ազատության հրապարակի հանրահավաքում մեծ հանդիսավորությամբ հայտարարել էր ազգային դիմադրություն ձևավորելու գործընթացի մեկնարկի մասին՝ նշելով, որ իշխանափոխության են ուզում հասնել:

Դիմադրության համար Սաղաթելյանը կոչ էր արել քաղաքացիներին տարբեր ոլորտներում ձևավորել մեծ ու փոքր դիմադրություններ, և բացվել էին գրասենյակներ Երևանում ու մարզերում։

Ավելին՝ ՀՅԴ-ականները կայք էին բացել, որում քաղաքացիներին հնարավորություն էր տրվում անգամ օնլայն անդամագրվել շարժմանը և մնալ անանուն։

Dimadrutyun.org կայքում նշվում է, որ շարժումը քաղաքացիներից  ակնկալում է ակտիվ մասնակցություն կազմակերպվող հանրային միջոցառումներին և բողոքի ու անհնազանդության ակցիաներին։ Սակայն նոյեմբերի 8-ին այդ մասին հայտարարելուց հետո այս ամբողջ ընթացքում ընդամենը 1-2 ոչ մեծ բողոքի ակցիա է տեղի ունեցել և վերջ։ Որևէ մեկը Դիմադրության չի հանդիպել Երևանի փողոցներում։ 

Civic.am-ը փորձեց ՀՅԴ-ականներից տեղեկություն ստանալ Դիմադրության շարժման ճակատագրի, տարած աշխատանքների, դրան միացած քաղաքացիների թվի, Հայաստանի փրկության գործի և նախատեսվող հնարավոր քայլերի մասին, սակայն ՀՅԴ-ականները կամ շատ զբաղված էին մեր հարցերին պատասխանելու համար, կամ անտեղյակ այդ հզոր շարժումից։ 

ՀՅԴ խոսնակ Արտակ Սարգսյանը խուսափեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ այդ հարցով ՀՅԴ ԳՄ-ն է զբաղվում, և պետք է կապ հաստատենք Իշխան Սաղաթելյանի և Արծվիկ Մինասյանի հետ, ովքեր չպատասխանեցին մեր  զանգերին։  

ՀՅԴ-ականներից Սուրեն Պարսյանն էլ ասաց, որ ընդհանրապես տեղեկություն չունի շարժման մասին, և կրկին խորհուրդ տվեց կապվել Մինասյանի և Սաղաթելյանի հետ՝ նշելով, որ նրանք են շարժումը ղեկավարում։ Հարցին՝ տեղեկություն չունե՞ք շարժման հնարավոր բողոքի ակցիաների մասին, Պարսյանը կրկին  բացասական պատասխան տվեց. «Ընդհանրապես տեղեկություն չունեմ»։ 

Մինչդեռ շարժումը, ըստ նախնական հայտարարության, համազգային է, դրան պետք է միանային ոչ միայն բոլոր ՀՅԴ-ականները, այլև ամբողջ Հայաստանն ու Սփյուռքը։ Ըստ այդմ՝  դրան պետք է միանալ  «այս ճակատագրական օրերին»։ Շարժման պաշտոնական կայքում նշվում է, որ Սփյուռքի մի քանի տասնյակ կազմակերպություններ միացել են պայքարին, սակայն այդպես էլ որևէ քայլ տվյալ կազմակերպությունների կողմից տեսանելի չի եղել։ 

Մինչդեռ շարժումը համանուն կայքում հանրահռչակել է, որ այն նպատակ ունի իրականացնելու  արժեհամակարգային հեղափոխություն՝ ամենուրեք թափ հաղորդելով հակաթուրք և հակաադրբեջանական պայքարին, գերտերություններին հասցնել այն պատգամը, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի և հայության ազգային-պետական շահերի հաշվին և այլն։