Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում վստահելիության ցուցիչը Արթուր Ղազինյանի ու Գեղամ Մանուկյանի մասնակցությունը չի ինչ-որ մի հանձնաժողովի. եթե այդպես լիներ, պետությունը շատ վատ վիճակում կլիներ. Վահագն Ալեքսանյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը մի քանի օր առաջ ինձ մոտ եղել է և ինձ վստահեցրել է, որ ինքը չի կարող չմասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև զավակ է կորցրել, բայց ես այսօր չհասկացա՝ Գեղամ Նազարյանը մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ։ Այսօր՝ փետրվարի 14-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

«Ես շատ կուզեի, որ ընդդիմությունը գոնե հնարավորություն տար՝ պարոն Նազարյանը ոչ միայն որպես ԱԺ պատգամավոր և ընդդիմության ներկայացուցիչ, այլ որպես զավակ կորցրած ծնող մասնակցեր»,- հավելեց նա։ 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով լրագրողների դիտարկմանը՝ եթե ընդդիմությունը չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին, հանրության կողմից հնարավոր է վստահություն չձևավորվի, արձագանքեց. «Երբ անընդհատ ընդդիմադիր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրվեց վերևում և այստեղ էլ, ցավոք սրտի, մեր լրագրողները կրկնում են, թե իբր հանձնաժողովը կունենա վստահելիության խնդիր՝ ուզում եմ շեշտել, որ նման բան չի կարող լինել, որովհետև Հայաստանի Հանրապետությունում վստահելիության ցուցիչը Արթուր Ղազինյանի ու Գեղամ Մանուկյանի մասնակցությունը չի ինչ-որ մի հանձնաժողովի։

Եթե այդպես լիներ, պետությունը շատ վատ վիճակում կլիներ։ Ուզում եմ փաստել, որ այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են թե՛ փորձագետներ, որոնք մեծ հեղինակություն են վայելում հանրության շրջանում, թե՛ զոհված զինծառայողների ծնողներ և թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ուժեր»։