Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինն ու Շոլցն անդրադարձել են Ռուսաստան-Արևմուտք լարվածությանը և Ուկրաինայի հարցին

Պուտինն ու Շոլցն անդրադարձել են Ռուսաստան-Արևմուտք լարվածությանը և Ուկրաինայի հարցին
Քաղաքականություն
21:49, 15 февраль 2022
Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բանակցությունները, որոնց ավարտին երկու ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Կիևը չի կատարում «Մինսկ-2»-ի սկզբունքային կետերը, այդ թվում՝ «Շտայնմայերի ձևաչափը»: Պուտինի խոսքով՝ Կիևն անտեսում է երկրի ամբողջականությունը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով խաղաղ ճանապարհով վերականգնելու հնարավորությունը: Նա հայտնել է, որ իրեն զեկուցել են հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Պետդումայի դիմումի մասին: Պուտինը նշել է, որ Ռուսաստանում քաղաքացիների ճնշող մեծամասնությունն աջակցում է Դոնբասի բնակիչներին:

Գերմանիայի կանցլերն իր հերթին նշել է, որ բանակցությունների օրակարգից որևէ կարևոր հարց դուրս չի մնացել: Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման դիվանագիտական հնարավորությունները դեռ սպառված չեն, սակայն անհրաժեշտ է տարածաշրջանում լարվածության թուլացում՝ միևնույն ժամանակ զգուշացնելով, որ Ուկրաինայի դեմ հնարավոր գործողությունները կարող են լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ Ռուսաստանի համար: Շոլցի խոսքով՝ ՌԴ զինված ուժերի մի մասի հետքաշումը լավ նշան է:

Անդրադառնալով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման հնարավորությանը՝ Գերմանիայի կանցլերը դա որակել է որպես «քաղաքական աղետ» և Մինսկի համաձայնությունների խախտում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող բանակցություններին: ՌԴ նախագահն ընդգծել է, որ անվտանգության վերաբերյալ առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններում կան կետեր, որոնց ուղղությամբ Ռուսաստանը պատրաստ է աշխատելու: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը, Պուտինը ևս մեկ անգամ ընդգծել է, որ դա Մոսկվայի համար «կարմիր գիծ» է: ՌԴ նախագահի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հետ կապված խնդիրները պետք է լուծվեն խաղաղ միջոցներով՝ բանակցությունների ճանապարհով:

Գերմանիայի կանցլերն իր հերթին նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի և Արևմուտքի տեսակետները չեն համընկնում, ուստի դա պետք է հաղթահարել բանակցությունների միջոցով: Շոլցը նաև հաստատել է, որ Ուկրաինայի անդամակցության հարց առայժմ ՆԱՏՕ-ի օրակարգում չկա: