Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին

«Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին
Քաղաքականություն
20:24, 16 февраль 2022
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
 
2021 թվականի դեկտեմբերի 7-ին հանդես էինք եկել հայտարարությամբ, որ կասեցնում ենք մեր մասնակցությունը միջազգային համապատասխան կազմակերպությունների աշխատանքներին: Հայտարարության հիմքը եղել է մեր գործընկեր պատգամավորների՝ ակնհայտ ապօրինի կալանավորումը և այլ պատգամավորների, այդ թվում՝ պատվիրակությունների մեջ ընդգրկված, տեղաշարժի ապօրինի սահմանափակումը:
 
Հայտարարությունից հետո մեր գործընկերներն ամիսներ տևած ապօրինի
կալանավորումից ազատ արձակվեցին՝ մեր խմբակցության կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիման վրա ընդունված որոշմամբ: Այնուհետև սկիզբ առավ պատգամավորների տեղաշարժի ապօրինի սահմանափակման վերացման գործընթացը:
 
Թեև Սահմանադրական դատարանը հստակ արձանագրել է, որ հարուցված քրեական հետապնդումները չպետք է խոչընդոտեն պատգամավորի սահմանադրական գործունեությանը, այս իշխանությունները որոշ պատգամավորների նկատմամբ շարունակում են նույն ակնհայտ ապօրինի մոտեցումը: Իշխանություններն ամեն կերպ ապօրինաբար կալանավորված են պահում նաև մեր Դաշինքի մի շարք անդամների:
 
Սակայն ինչպես պատգամավորների ապօրինի կալանավորումները, այդպես էլ այս կոպիտ խախտումների վերացման հարցում դրական արդյունք ենք ունենալու:
 
Հաշվի առնելով այն, որ պատգամավորների գործունեության ապօրինի սահմանափակումները վերացնելու վերաբերյալ մեր պահանջների զգալի մասը լուծվել է՝ «Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել վերականգնել իր մասնակցությունը միջազգային կազմակերպությունների աշխատանքներին։
 
ԱԺ« Հայաստան» խմբակցություն