Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպասում եք օրերը տաքանա՞ն, որ ձեր խոստումները կատարեք․ լրագրողը՝ Քոչարյանին

Սպասում եք օրերը տաքանա՞ն, որ ձեր խոստումները կատարեք․ լրագրողը՝ Քոչարյանին
Քաղաքականություն
14:37, 17 февраль 2022
Ոգևորիչ է, որ ակտիվ զանգվածն ուզում է, որ երկրում ինչ-որ բան փոխվի, վատ է, որ սպասում են, որ միայն ընդդիմությունը պետք է դա անի առանց իրենց մասնակցության և ժողովրդի ակտիվ ներգրավվածության, մամուլի ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության պասիվ լինելու մասին լրագրողի հարցին․ «Սպասում եք օրերը տաքանա՞ն, որ ձեր խոստումները կատարեք»։

Քոչարյանը նշեց, որ պետք է իրատեսական լինենք՝ հասկանալու համար, թե ինչքանով է այդ վիճակը հասունացած․ «Տեսնում ենք, որ պրոցեսը գնում է դեպի դրան։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ այս իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է և շեշտակի գերազանցում է այս իշխանություններին ակտիվ աջակցող զանգվածին։ Ասում են, որ ընդդիմության վարկանիշն ընկնում է։ Այո՛, ընկնում է։ Մեզանից հիասթափվողն այս իշխանության ֆանատը չի դառնալու։ Մեզանից հիասթափվում են նրանք, ովքեր մեզանից սպասում են ավելի ռադիկալ քայլեր», – ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե սա նշանակում է, որ ընդդիմադիր ռադիկալ զանգվածը չի նվազում, հակառակն, աճում է։

«Իմ գնահատականով՝ դեռ չի հասունացել այն վիճակը, որով մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել։ Մենք չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին, հետո մեզ են մեղադրելու սխալ հաշվարկի համար։ Առանց փողոցի այս իշխանությունը չի գնալու։ Այդ փողոցը պետք է լինի իշխանությունը հեռացնելու մասին։ Այդ վիճակը մենք պետք է հասունացնենք» , – ասաց Քոչարյանը։