Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ օբյեկտիվ հիմք չկա պնդելու, թե իշխանությունը կեղծելու է արտահերթ ընտրությունը․ ինչու է 1-ին նախագահը «թելում 2-րդ և 3-րդ նախագահների թելը»

Որևէ օբյեկտիվ հիմք չկա պնդելու, թե իշխանությունը կեղծելու է արտահերթ ընտրությունը․ ինչու է 1-ին նախագահը «թելում 2-րդ և 3-րդ նախագահների թելը»
Քաղաքականություն / Հայաստան
20:10, 16 март 2021
«Որևէ օբյեկտիվ հիմք չկա պնդելու, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները գործող  իշխանությունների կողմից կազմակերպվելու պարագայում կարող են կեղծվել և լինել ամենախայտառակը։ Հակառակը՝ կան օբյեկտիվ հիմքեր պնդելու, որ որևէ կեղծիք ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից պարզապես չեն լինելու։  Ես այստեղ տեսնում եմ խիստ քաղաքական ենթատեքստ, ու ինքս անգամ ամաչում եմ Տեր-Պետրոսյանի հայտարարության համար»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ իր համար տարակուսելի է, երբ առաջին նախագահը մեջբերում է ոմն Վազգեն Մանուկյանի․ մի անձի, որն անցնում է տեռորի կոչեր անելու քրեական գործերով։ 

Քաղաքագետի խոսքով՝ Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ վերջինս անհասկանալի պատճառներով «թելում է  երկրորդ և երրորդ նախագահների թելը»։ 

«Անկախ դրանից՝ այսօրվա վարչապետը վարչապետ է, որովհետև ժողովուրդն է այդպես որոշել։ Տեր-Պետրոսյանը կանգնում է այն կողմում, որտեղից պնդում են, որ Փաշինյանը պետք է հեռանա, որ իրենք իրենց լավ զգան։ Եվ հետո, եթե առաջին նախագահը վարչապետին հորդորում է առժամանակ հեռանալ երկրից, ապա թող նույնը խորհուրդ տա իր ժառանգորդներին, որոնք այսօր ապականում են առհասարակ քաղաքականությունը Հայաստանում։ Դրանք իր կադրերն են, և Հոկտեմբերի 27-ին խորհուրդ էր տալիս համախմբվել նրանցից մեկի շուրջ։ Համախմբվեցինք 20 տարի ու այդ չարիքից մի կերպ ենք ձերբազատվել, պետք չէ հիմա թելել նրանց թելը»,- ընդգծեց քաղաքագետը։

Մեհրաբյանը կարծում է, որ հենց այս իշխանությունը պետք է կազմակերպի արտահերթ ընտրությունը և այն պետք է անցկացվի բացառապես Ընտրական նոր օրենսգրքով, քանի որ գործող օրենսգիրքը ընտրական կոռուպցիայի լայն միջանցքներ է թողնում․ «Իհարկե, փաստ չէ, որ այդ միջանցքները այն աստիճան անցանելի կլինեն, ինչպես կցանկանային այս օրենսգիրքը ստեղծողները, բայց ամեն դեպքում՝ ես կարծում եմ, որ Ընտրական նոր օրենսգիրքը պետք է ընդունվի առավելագույնս սեղմ ժամկետներում, և գնանք ընտրությունների դրանով։ Ժողովուրդը չի հանդուրժի կեղծիքներ՝ ում կողմից էլ դրանք լինեն։ Իշխանությունը ժողովրդինն է, և բոլորը պետք է այս աքսիոմը մեկընդմիտ հիշեն։ Ժողովուրդը չի հանդուրժելու իր մեջքի հետևում իշխանության ձևավորում»,- ընդգծեց քաղաքագետը։

Ի դեպ, այսօր մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ ընդգծելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն բացառապես նոր Ընտրական օրենսգրքով։ Հայտարարության տակ ստորագրած իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Civic.am-ի հետ զրույցում ասաց, թե անհիմն են ենթադրությունները, որ արտահերթ ընտրությունները կարող են կեղծվել։ Նրա խոսքով՝ քաղաքացիներն են հանդիսանում հերթական և արտահերթ ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացման երաշխավորը։

«Միգուցե որպես հիմնավորում վերցվում է այն, որ նախորդ մնացած բոլոր ընտրությունները կեղծվել են, բայց պետք է ելնել առնվազն այն վարկածից, որ 2018 թվականի արտահերթ ընտրություններում այս իշխանությունը եկավ ոչ թե ազատ ու արդար ընտրությունների արդյունքում, այլ որ այդ արդար ընտրությունների երաշխիքը հանդիսացան ՀՀ քաղաքացիները։ 2018 թվականին թավշյա հեղափոխություն իրականացրածներն են եղել 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների երաշխավորը և այդ քաղաքացիները շարունակում են երաշխավոր մնալ։ Սա կարևոր արձանագրում է»,-ընդգծեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ պատահական չեն այն հարցումները՝ ըստ որոնց, հարցման մասնակիցների կեսն ունի հստակ դիրքորոշում՝ որ իրենք հանդիսանում են երկրում կայունության երաշխավորը և տուրք չեն տալիս արկածախնդրություն հրահրողներին։ 

«Ցանկացած մոտեցում, որը ելնում է այն բանից, որ ընտրությունները կեղծվելու են, այդ մոտեցման հիմքում ընկած է քաղաքացուն որպես սուբյեկտ չդիտարկելու քայլը։ Բայց արտահերթ ընտրություններ լինելու են և քաղաքացին կրկին որոշիչ իր խոսքն ասելու է»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ որ ընտրությունների որակը և արդյունքները ապահովված լինեն, դրանք զերծ լինեն ապաքաղաքական գործոններից, պետք է ընդունվի Ընտրական նոր օրենսգիրքը։ Այն, մեր զրուցակցի խոսքով, արդեն օրենսդրական մակարդակում է կանխում վարչական ռեսուրսի  չարաշահումը։

«Ընտրական նոր օրենգիրքը պետք է ընդունվի, որպես 2018 թվականի հեղափոխության օրակարգի կետերից մեկի կատարում։ Այս իշխանությունը պարտավորություն ունի երաշխավորելու ազատ և արդար ընտրությունների անցկացումն ու ապահովելու արտահերթ ընտրությունների անցկացումը, որովհետև ԱԺ-ն չի համապատասխանում այն խնդիրներին, որը մենք ունենք։ Հանրությունը պետք է հավանություն տա այս կամ այն ուժին, ոչ թե իշխանությունը պետք է հենց այնպես հանձնվի ինչ-որ մեկին, որը դե յուրե համարվում է իշխանության զավթում։ Քաղաքական իշխանությունը պետք է կամք դրսևորի և ընդունի Ընտրական նոր օրենսգիրքը»,- եզրափակեց Սաքունցը։
 
Արփի Հարությունյան