Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միութենական պետության կազմում ոչ մի միջանցքի հարց Երևանում չի որոշվելու, ոչ մի արցախյան հարց այլևս գոյություն չի ունենալու․ Արման Բաբաջանյան

Միութենական պետության կազմում ոչ մի միջանցքի հարց Երևանում չի որոշվելու, ոչ մի արցախյան հարց այլևս գոյություն չի ունենալու․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
15:52, 17 февраль 2022
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ ,ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այն ինչ ասում է երկրորդ նախագահը միութենական պետության մասին տևական ժամանակ է չոքել է մեր տան շեմին, ուղղակի մեզանից շատերը ալարում են, չեն ուզում դա տեսնել կամ չեն չտեսնելու են տալիս։ Այդ հեռանկարը Հայաստանի համար գրեթե անխուսափելի է այլևս․․․

Եթե իրապես անկեղծ ենք ու չենք ուզում, միաժամանակ ամբողջությամբ պատկերացնում ենք և՛ միութենական պետության մաս դառնալու ու չդառնալու ռիսկերը, ուրեմն մեկընդմիշտ խելքներս պետք է գլուխներս հավաքենք ու տրամադրվենք տքնաջան աշխատանքի, օրնիբուն համահայկական մոբիլիզացիայի, որի նպատակը այլևս ոչ թե ցեղասպանություն ճանաչումն է, ոչ թե արցախյան հիմնախնդրի կարգավորումն է, այլ հայոց պետականությունը, պետականության ամրապնդումը․․․ Դրանից հետո միայն կարող ենք բոլոր պահանջատիրությունները բերել սեղանին և քննարկել որքան ուզում եք․․․

Չկա այլ ճանապարհ պետություն և պետականություն դառնալու․․․ չեն կարող ռուսները մեր սահմանները պահեն, բայց մենք Երևանում տարփողենք ինքնիշխանության մասին տրակտատներ ու ոչինչ չանենք պաշտպանունակ բանակ ու պատշաճ կահավորված սահման ունենալու համար։ Չենք կարող դիվանագիտական ճակատում երեսնամյա խայտառակ տապալումներից հետո չփորձել դասեր քաղել և վերջապես արտաքին իրապես համապարփակ և բազմազանեցված քաղաքականություն ունենալ։

Չենք կարող և վերջ։Գուցեև ոչ մի սարսափելի բան չկա միութենական պետության մեջ։ Կարելի է և դառնալ միութենական պետության մաս։ Բայց այդպիսի հեռանկարից հետո պետք է պատրաստ լինել կորցնել Սյունիքն էլ, Արցախն էլ․․․ ․․․որովհետև միութենական պետության կազմում ոչ մի միջանցքի հարց Երևանում չի որոշվելու, ոչ մի արցախյան հարց այլևս գոյություն չի ունենալու, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հայ ժողովրդի [ոչ թե Հայաստանի] հարաբերությունների ապագան որոշվելու է ռուս-թուրք-ադրբեջական առկա ռազմավարական հարաբերության տրամաբանությամբ․․․ Մեր նորագույն պատմության այս ճակատագրական փուլում սույն հարցի քննարկումը մեր հավաքական ամոթն է․․․

Առանց քննարկելու նրան, ով բերել է հարցը հրապարակ, կարծում եմ ժամանակն է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքական ուժ իր համար հստակեցնի կարմիր գծերը մեր պետության ապագայի վերաբերյալ։ Առաջիկա քաղաքական դիսկուրսը, ցավոք, սրա շուրջ է լինելու և պետք է պատրաստ լինել ծանր ու վտանգավոր պայքարի։ Այդ պայքարում կհաջողեն նրանք, ովքեր իրենց աշխատանքով կապացուցեն Հայաստանի կենսունակությունը, որպես անկախ պետություն, մեր ժողովրդին հստակ ցույց կտան, որ Հայաստանն ու հայությունը ապագա ունեն որպես անկախ պետականություն»։