Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքական սոփեստություն և մանիպուլյացիա»․ Լևոն Շիրինյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների պրոֆեսոր Լևոն Շիրինյանը Civic.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին հրապարակված հայտարարությանը, այն որակեց որպես քաղաքական սոփեստություն և մանիպուլյացիա։

«Ո՛չ պետության վերակառուցման մասին են խոսում, ո՛չ տնտեսության վերակառուցման մասին, ո՛չ ժողովրդի բարեկեցության, ո՛չ էլ՝ կոռուպցիայի վերացման։ Դա թույլ է տալիս ինձ ասել, որ իրենք շատ են անհանգստացած իրենց քաղաքական ծագումնաբանության հարցի պարզաբանումից»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Ժողովուրդը, ըստ քաղաքագետի, ունի համազգային, համապետական գիտակցություն և ընկալում ու սատարում է վարչապետին, դրանով, ըստ էության, սատարելով հեղափոխությանը։ «Իրենց բոլորի շահից բխում է վարչապետի հրաժարականը, բխում է նաև օտար ուժերի շահերից, որովհետև դա հեռանկարում գուցե հարցական նշանի տակ է դնում Հայաստանի անկախությունն ու պետականությունը, բայց չի բխում մեր ժողովրդի և պետականության շահերից»,- ասաց Շիրինյանը։

Ըստ քաղաքագետի, արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան։ Կառավարող ուժը պետք է ընդունի իր՝ այս երկու տարում գործող սխալները և մնացած ժամանակահատվածում պինդ կառավարմամբ շտկի դրանք և երկիրը տանի հերթական ընտրությունների։ Մնացած կուսակցություններն էլ պետք է հանգիստ պայմաններում կարողանան պատրաստվել խորհրդարանական հերթական ընտրություններին։

«Ընդդիմությունն ի՞նչ է ասում՝ վարչապետը գնա, խունտան գա։ Պուտինի գծած սահմանը չեղյա՞լ եք համարում։ Ասում են՝ ոչ։ Բա դուք ի՞նչն եք փոխելու», - ասաց քաղաքագետը։

Լևոն Շիրինյանի կարծիքով՝ պետք է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, Սահմանադրությունը, սակայն դեմ է վերդառնալ կառավարման կիսանախագահական համակարգին։ Քաղաքագետն առաջարկում է տեղայնացնել որևէ հաջողակ երկրի, օրինակ՝ Ավստրիայի Սահմանադրությունը, կոնսպեկտել և գործածել։ Գլխավորը, ըստ Շիրինյանի, Սահմանադրության հաջողված, լավ մոդելն է։
 
Մանրամասները՝ տեսանյութում:

Վովա Հակոբյան