Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մահ կամ ազատություն» կարգախոսի հեղինակ ՀՅԴ-ն Միութենական պետությանը միանալու Ռոբերտ Քոչարյանի առաջարկը դեռ չի քննարկել, իսկ ՀՅԴ պատգամավորը օգտակար է համարում

«Մահ կամ ազատություն» կարգախոսի հեղինակ ՀՅԴ-ն Միութենական պետությանը միանալու Ռոբերտ Քոչարյանի առաջարկը դեռ չի քննարկել, իսկ ՀՅԴ պատգամավորը օգտակար է համարում
Քաղաքականություն
19:20, 18 февраль 2022
«Մահ կամ ազատություն» կարգախոսի հեղինակ, հայ-թուրքական հաշտեցումը «Հայաստանի ինքնիշխանության կորուստ» հայտարարող ՀՅԴ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ոչ միայն դեմ չէ Ռուսաստանի հետ Միութենական պետության կազմի մեջ մտնելով «տարածաշրջանային գործոն» դառնալու և Հայաստանի անկախությունը փաստացի զիջելու Ռոբերտ Քոչարյանի առաջարկին, այլև դա համարում է «միակ ճանապարհ» և «օգտակար»։ 

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ընթացքում, պատասխանելով Ռուսաստանի հետ Միութենական պետության մասին Լուկաշենկոյի հայտարարությանը արձագանքելու մասին հարցին, ասել էր, թե Ռուսաստանի հետ Միութենական պետությանը միանալը կարող է գործոն դարձնել Հայաստանին։ «Եթե դու գնում ես այս տարածաշրջանում գործոն դառնալու ուղղությամբ, քո համբավը վերականգնելու և այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու այս տարածաշրջանում, պետք է լուծումներ գտնես։ Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակներում»,- ասել է նա՝ հավելելով, որ կարծում է, թե Միութենական պետությանը միանալու առաջարկը պետք է հնչի հայկական կողմից։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ այս գործընթացներում կան միջազգային դրական փորձ և արդյունքներ. «Սա ընդհանուր միտումն է աշխարհի, և այստեղ շատ կարևոր է հետևյալ հարցադրումը, թե կոնկրետ տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներում ամենատարբեր մոդելներով որքանո՞վ ենք հաշվի առնում ինտեգրման ցանկություն հայտնած բոլոր երկրների հավաքական շահերը։ Ցանկացած ինտեգրացիոն գործընթաց ենթադրում է, որ որոշակի ինքնիշխանության կամ քո որոշակի որոշումներ կայացնելու տիրույթ դու զիջում ես հավաքականին, բայց դրա դիմաց ի՞նչ ես ստանում։ Եվ դրա բացարձակ դասական օրինակը Եվրամիությունն է»։

Նա նաև ընդգծեց. «Որևէ երկրի շահով պարտադրված ինտեգրացիաները ոչ ապագա ունեն, ոչ էլ արդյունավետություն։ Սա ի նկատի ուներ նաև պարոն Քոչարյանը, երբ ասում էր, թե պետք է սառը հաշվարկներ լինեն հիմքում։ Դա է միակ ճանապարհը, եթե որևէ պետության ձեռնտու է ինտեգրացիան»։

Մեր հիշեցմանը, որ Հայաստանն արդեն իսկ ինտեգրվել է ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին, որոնք քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության հարթակներ են, Միութենական պետության մաս դառնալով՝ արդյոք Հայաստանը վերջնական չի՞ կորցնի իր անկախությունը, պատգամավորը պատասխանեց. «Եթե կորցնենք, ապա կկորցնենք, եթե չկորցնենք, ապա չենք կորցնի, հիմա ինչ-որ ինտեգրացիոն գործընթացներ չկան։ Կան խոսակցություններ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ՝ ապաշրջափակման քողի տակ, և պարզ չէ, չկա ինչ-որ քայլերի հաջորդականություն, հանրայնացված չէ ծրագիրը»։ 

Դիտարկմանը, թե նույն Ռուսաստանը հանդես է գալիս հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին, Ավետիսյանն արձագանքեց. «Գործընթացում, եթե դու որպես գործոն քո շահերը առաջ ես մղում պրոֆեսիոնալ ձևով, քո ակնկալիքները շատ հստակ ձևակերպած, ապա դու նաև կօգտվես։ Կարող է տեղի ունենալ հակառակը, երբ հարկադրվում է ինտեգրացիան, ապա կլինի այն, ինչ որ դուք եք ասում։ Սա կախված է գործընթացներից, թե ով և ինչ շահերի մղումով է առաջ տանում գործընթացը։ Եթե շահերի փոխհամաձայնեցման սկզբունքը դրվում է, ապա մենք կունենանք դրական զարգացումներ և արդյունքներ, քան բացասական հետևանքներ»։

Պատգամավորը նշեց, որ Դաշնակցությունում քննարկում չի եղել Ռոբերտ Քոչարյանի հայտարարության թեմայով. «Ամենակարևոր մասն է պետք դնել Միութենական պետության ասվածի կողքը, դա պետք է լինի Հայաստանի շահերից բխող, խորը հաշվարկների հիման վրա, այն հաշվարկներից հետո, որ մենք հասկանում ենք, որ սա մեզ ավելի շատ օգուտներ է բերելու, քան ռիսկեր է առաջացնելու»։ 

Հարցին՝ նախատեսվո՞ւմ է Միութենական պետությանը միանալու թեմայով քննարկում ՀՅԴ պատգամավորների և ԳՄ-ի միջև, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց. «Ես անձամբ չեմ նախատեսում, ինքս այս պահին չգիտեմ՝ մենք վաղը-մյուս օրը այդ հարցը կքննարկե՞նք, թե՞ ոչ։ Ես այդպիսի նախաձեռնություն չունեմ, բայց վստահ եմ՝ քաղաքական օրակարգի ցանկացած հրատապ հարց քննարկվում է մեր կուսակցության մեխանիզմներով, և բնական է, հանրային տեսակետը ներկայացվում է»։