Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ն անվստահություն չի հայտնի քննիչ հանձնաժողովների նիստերից խուսափող պաշտոնյաներին․ Բագրատյանի առաջարկը մերժվեց

ԱԺ-ն անվստահություն չի հայտնի քննիչ հանձնաժողովների նիստերից խուսափող պաշտոնյաներին․ Բագրատյանի առաջարկը մերժվեց
Քաղաքականություն
12:17, 17 март 2021
ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որպես հիմնական զեկուցող ներկայացրեց ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որի նպատակը ԱԺ քննիչ հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն էր։ 
Նախագծով առաջարկվում էր անվստահություն հայտնել կառավարության այն անդամներին, ովքեր հրավիրվում են նիստերի և ոչ հարգելի պատճառներով չեն մասնակցում քննիչ հանձնաժողովի նիստերին։ Պատգամավորի առաջարկում էր, որ քննիչ հանձնաժողովի եզրակացության հիման վրա ԱԺ հերթական լիագումար նիստում հնարավոր լինի նրանց նկատմամբ անվստահության գործընթաց սկսել։
Ըստ Բագրատյանի, քանի որ քննիչ հանձնաժողովը հիմնականում հանդիսանում է գործիք ընդդիմության համար, և քննիչ հանձնաժողովի աշխատանքի վրա նիստերին չմասնակցելով կարողանում են ազդել իշխանության տարբեր մարմիններ, այս օրենքի նախագիծը կուժեղացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները։
Նախագիծը զրո կողմ, չորս դեմ, չորս ձեռնպահ ձայներով չարժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը։