Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Սաղաթելյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդին եւ Յոազես Օլեկասին

Իշխան Սաղաթելյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդին եւ Յոազես Օլեկասին
Քաղաքականություն
18:28, 23 февраль 2022
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յոազես Օլեկասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ` նկատելով, որ հիմնախնդիրը լուծված չէ եւ վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին եւ շնորհակալություն հայտնել տիկին Կալյուրանդին` վերջինիս 2021 թ. փետրվարի 21-ի համատեղ հայտարարության ու 2022 թ. փետրվարի 22-ի ելույթի կապակցությամբ: Տիկին Կալյուրանդն ընդգծել է հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչին պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման եւ ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների վրա: Եվրոպացի գործընկերները վերահաստատել են իրենց կառուցողական եւ հավասարակշռված դիրքորոշումները:

ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում ժողովրդավարության առկա իրավիճակի կապակցությամբ:

Առանձնահատուկ քննարկվել է ՀՅ Դաշնակցության եւ Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական (S&D) քաղաքական խմբի հետ հարաբերությունների որակական զարգացման ուղղությամբ հետագա քայլերի եւ գործողությունների իրականացումը:

ՀՅ Դաշնակցությունը հայկական միակ կուսակցությունն է, որն իբրեւ դիտորդ անդամակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցությանը (PES): ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության եւ Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ նախկինում առկա համագործակցության հուշագրին: