Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մուտք է եղել Վարչական դատարան և մակագրվել դատավոր Մհեր Պետրոսյանին

Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մուտք է եղել Վարչական դատարան և մակագրվել դատավոր Մհեր Պետրոսյանին
Քաղաքականություն
15:10, 17 март 2021
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը Վարչական դատարան մուտք եղել է ու մակագրվել դատավոր Մհեր Պետրոսյանին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ վարչական դատարանից։

Իրեն իրավունքի ուժով ԳՇ պետի պաշտոնից ազատումը դատական կարգով վիճարկելու մտադրության մասին Օնիկ Գասպարյանը դեռեւս հայտարարել էր մարտի 9-ին, սակայն առ այսօր դատալեքսում հայցադիմումի մուտքագրվելու մասին որեւէ տեղեկատվություն չկա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Փաշինյանի առաջին միջնորդությունը նախագահի կողմից առարկություններով վերադարձվել է՝ նշելով, որ այն առերեւույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ։

Փաշինյանը, չի ընդունել առարկությունները, եւ առանց որեւէ փոփոխության կրկին ուղարկել է այն։ Նախագահը չի ստորագրել առաջարկությունը, սակայն դրա սահմանադրականության հարցը ևս չի վիճարկել ՍԴ-ում՝ սահմանված ժամկետում։ Մարտի 10-ին Օնիկ Գասպարյանն ազատվել է պաշտոնից՝ իրավունքի ուժով։ Գասպարյանը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Վարչական դատարան՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը։

Հայցադիմումն արդեն մուտքագրվել է դատարան և մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, ում նկատմամբ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ աննախադեպ ճնշումներ են սկսվել՝ կապված հենց Օնիկ Գասպարյանի հայցադիմումի հետ։  Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գործով դատավոր Մհեր Պետրոսյանին սպառնալիքների ներքո հարկադրում են ուշացնի գործը վարույթ ընդունելը և հայցի ապահովման միջոց կիրառելն առնվազն մինչև մարտի 20-ը, որպեսզի մինչ այդ Արտակ Դաթվյանն իրավունքի ուժով դառնա ԳՇ պետ եւ Օ. Գասպարյանի պահանջով հայցի ապահովման միջոցի կիրառումը դառնա իմաստազուրկ։ 
Աղբյուր` Փաստինֆո