Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ անդամ երկրները քննարկում են Ռուսաստանին միջբանկային SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը

ԵՄ անդամ երկրները քննարկում են Ռուսաստանին միջբանկային SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը
Քաղաքականություն / Տնտեսություն / Աշխարհ
20:17, 24 февраль 2022
ԵՄ անդամ երկրները քննարկում են Ռուսաստանին միջբանկային SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների պատճառով. հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԵՄ երկրներն այս հարցում միակարծիք չեն: Օրինակ՝ Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան կողմ են, որ Ռուսաստանն անջատվի SWIFT համակարգից՝ որպես պատժամիջոցների ավելի լայն փաթեթի մաս, որի մասին եվրոպական երկրները կհայտարարեն հինգշաբթի օրը:

Մինչդեռ Գերմանիան, Իտալիան, Հունգարիան և Կիպրոսը դեմ են և հանդես են գալիս Ռուսաստանի հետ ավելի սերտ տնտեսական կապերի զարգացման օգտին:

SWIFT-ը (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության  ցանց է, որը հնարավորություն է ընձեռում ամբողջ աշխարհի ֆինանսական հաստատություններին ուղարկել և ստանալ տեղեկատվություն ֆինանսական գործարքների մասին`անվտանգ, ստանդարտացված և հուսալի միջավայրում։

Միջազգային միջբանկային հաղորդագրությունների մեծամասնությունը օգտագործում է SWIFT ցանցը։ 2015 թվականի դրությամբ SWIFT-ը միավորել է ավելի քան 11,000 ֆինանսական հաստատությունների ավելի քան 200 երկրներում և տարածքներում, որոնք օրական միջինից ավելի քան 32 միլիոն հաղորդագրություն են փոխանակում։


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի