Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիան պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին իր որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար

Գերմանիան պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին իր որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար
Քաղաքականություն / Տնտեսություն
13:36, 26 февраль 2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին. հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ 

Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Դրանք են՝ փոքր և միջին ձեռնարկատիրության, նորարարությունների, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտները, կրթություն-գիտություն-տնտեսություն կապի հաստատումը:   

Հանդիպման ընթացքում որպես հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեցող ոլորտներ՝ Վահան Քերոբյանը նշել է արդյունաբերությունը՝ շեշտադրելով քիմիական արդյունաբերությունը և տեղեկացրել, որ Հայաստանում կան նաև վերագործարկման կարիք ունեցող շատ գործարաններ։  Կարևորվել է նաև ֆինանսական շուկաների՝ հատկապես գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը։  

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս պետական ծրագրեր են իրականացվում Հայաստանի հին ավտոպարկը թարմացնելու ուղղությամբ և քննարկվում են Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրության հնարավորությունները։  Նա նաև նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ոլորտի գերմանական առաջադեմ ընկերություններին Հայաստան բերելով։ Այս համատեքստում նախարարը հավելել է, որ Հայաստանում արդեն գործում է «Թրեյդ-ին» համակարգը, որը նոր մշակույթ է Հայաստանի համար և հնարավորություն կտա հին մեքենաները փոխարինել նորերով՝ նպաստելով ավտոպարկի թարմացմանը։

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն անդրադարձել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ արդյունավետ համագործակցությանը։ Նա խոսել է նաև կրեատիվ արդյունաբերության զարգացման մասին և  նշել, որ այսօր մեծ ուշադրություն է դարձվում տեքստիլ արդյունաբերության և նորաձևության զարգացմանը Հայաստանում։ Այս համատեքստում նա նաև հետաքրքրություն է հայտնել դիտարկելու «Mercedes-Benz Fashion Week»-ը Հայաստան բերելու հնարավորությունը, ինչը կնպաստի զբոսաշրջության և նորաձևության զարգացմանը։  

Դեսպան Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունը և նշել, որ  Գերմանիան հետաքրքրված է շարունակելու համագործակցությունը բոլոր նշված ուղղություններով և պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին իր որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար։ Նա ասել է նաև, որ, չնայած 2 մեծ շոկերին՝ պատերազմին և Covid 19-ին, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են։ 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագարծակցությունը։