Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոսկոսմոսը դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ

Ռոսկոսմոսը դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ
Քաղաքականություն
14:08, 26 февраль 2022
Ռոսկոսմոսը, ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ՝ Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու առումով:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հայտարարությանը։

«Ի պատասխան մեր ձեռնարկությունների դեմ ԵՄ պատժամիջոցների՝ «Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ Կուրու տիեզերական կենտրոնից տիեզերական արձակումներ կազմակերպելու և Ֆրանսիական Գվիանայից իր տեխնիկական անձնակազմին, ներառյալ՝ արձակման համախմբված անձնակազմին դուրս բերելու հարցում»,- փետրվարի 26-ին Telegram-ի իր ալիքում գրել է Ռոգոզինը։ 

Այս պահին, հավելել են Ռոսկոսմոսում, մշակվում է ռուս աշխատակիցների հեռանալու հարցը։

ԵՄ-ն խիստ ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտային սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի Դաշնության 64 առանցքային կառույցների, այդ թվում՝ «Պրոգրես» հրթիռային և տիեզերական կենտրոնի նկատմամբ։ ԵՄ-ն խստորեն սահմանափակեց այդ կազմակերպությունների մուտքը կապիտալի շուկա և ֆինանսական ծառայություններ, արգելեց նրանց տեխնիկական աջակցության տրամադրումը և առևտուրը նրանց հետ ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ նավթի արդյունահանման տեխնոլոգիաների և սարքավորումների առևտուրը:

ԵՄ-ն նաև ընդունել է բարձր տեխնոլոգիական արտադրանքի ընդարձակ ցանկ, մասնավորապես՝ կապի համակարգեր, էլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, ավիացիոն և տիեզերական բաղադրիչներ, որոնց մատակարարումն Ռուսաստան արգելված է: