Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՓՇ-ում միասնական որոշում չունեն` նոր ԸՕ-ով արտահերթի գնալ-չգնալու հարցում

ՀՓՇ-ում միասնական որոշում չունեն` նոր ԸՕ-ով արտահերթի գնալ-չգնալու հարցում
Քաղաքականություն / Հայաստան
19:21, 17 март 2021
17 կուսակցությունների ձեռնարկած և առաջ տարվող անցումային կառավարություն ստեղծելու գաղափարը չի հաջողում, և արդյունքում ընդդիմությունն ակնկալում է խորհրդարանի ցրում։ 

Եվ մինչ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը վարչապետի հրաժարականին են սպասում, «Իմ քայլը» խմբակցությունը նոր Ընտրական օրենսգիրքն է շրջանառության մեջ դրել։ 

Ընդդիմությունն ի՞նչ պայմաններ է ակնկալում արտահերթ ընտրություններին մասնակցելու համար՝ Civic.am-ը զրուցել է ընդդիմադիր թևի մի քանի ներկայացուցչի հետ։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ԲՀԿ-ի համար էական նշանակություն ունի՞, թե որ Ընտրական օրենսգրքով կմասնակցեն արտահերթ ընտրություններին։ «Երբ կհայտարարվի արտահերթ ընտրությունների մասին և կոնկրետ քայլ կարվի,  երբ Նիկոլ Փաշինյանը կտա հրաժարական և երկրում կմիացվի ընտրությունների ռեժիմը՝ ես կպատասխանեմ հարակից բոլոր հարցերին»,-արձագանքեց ԲՀԿ պատգամավորը։ 

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էլ նշեց, որ իրենք դեռևս նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը չեն քննարկել, ծանոթ չեն նախագծին և այդ պատճառով չի կարող պատասխանել։ 

«Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Գասպարյանն էլ ընդգծեց, որ խնդիրն այն չէ, թե որ օրենսգրքով են կազմակերպվելու ընտրությունները, այլ այն՝ թե ով է կազմակերպելու ընտրությունները: «Ընտրություններին մասնակցելու հարցը հազար ու մի գործոնից է կախված, մեր կուսակցության խորհուրդը այդ հարցը դեռևս չի քննարկել»,- հավելեց նա։ 

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի տեսանկյունից էլ կարելի է շատ արագ օրենսդրական փոփոխություններ անել, ԿԸՀ ձևավորել բոլոր այն կուսակցություններից կամ դաշինքներից, որոնք կմասնակցեն ընտրություններին․ «Այդ կուսակցություններից ու դաշինքներից մեկական ներկայացուցիչ կարող է լինել, իսկ գործադիր իշխանության ներկայացուցիչները, որոնք պետք է ընտրություններին մասնակցեն այդ ժամանակ որևէ պաշտոն չպետք է զբաղեցնեն, որևէ պետական միջոց չկիրառեն։ Օրինակ՝ եթե վարչապետը պետք է մասնակցի ընտրություններին՝ ապա այդ ընթացքում նա պետք է թողնի իր վարչապետի պաշտոնը և դառնա շարքային քաղաքացի, առանց իր թիկնազորի, առանց ծառայողական մեքենաների»։

Իսագուլյանի խոսքով՝ եթե նման օրենսդրական փոփոխություններ անեն, որը իրենց վստահություն կտա, որ հնարավոր է ապահովել արդար ընտրություններ՝  կմասնակցենք․ «Բայց եթե վարչապետ մնա Նիկոլ Փաշինյանը՝ ինքը պետք է կազմակերպի, ինքը պետք է օգտվի բոլոր ծառայություններից, ամեն տեղ գնալուց հազարավոր ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ՝ թիկնազոր պետք է ուղեկցի, ինքը այդ ընթացքում պետք է իրավունք ունենա որոշումներ կայացնել, ապա պարզ է, որ այդ պարագայում անհնար է խոսել արդար ընտրությունների մասին»։ 

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի խոսքով՝ կամ էլ պետք է գործի դրվի անցումային կառավարության գաղափարը․ «Մեկը պետք է դառնա ժամանակավոր գործադիր իշխանության ղեկավարը, որը պետք է հայտարարի, որ ինքն այլևս քաղաքականությամբ չի զբաղվելու, որևէ պաշտոն չի զբաղեցնելու և որևէ ցուցակ չի գլխավորելու»։ 
 
Նարա Մարտիրոսյան