Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընտրական նախկին համակարգերի դեպքում ընտրությունները հիմնականում եղել են ռեսուրսների մրցավազք»․ Թագուհի Ղազարյան

Civic.am-ը Ընտրական օրենսգրքի փոփոխության և խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին զրուցեց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, Ղազարյանը նշեց, որ իր կարծիքով առաջին նախագահի հայտարարությունը չի փոխի քաղաքական դաշտում առկա իրավիճակը և չի ազդի արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացման վրա։ «Կարծում եմ, այդ հայտարարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտ էր, ցույց տալու, որ ինքը կիսում է 17+ ուժերի օրակարգը և իրենք կարող են վերջնականապես դառնալ 18+», - ասաց Ղազարյանը։

Թագուհի Ղազարյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ուղերձ էր ոչ թե վարչապետին, այլ առաջին հերթին 17+ ուժերին, որովհետև առաջին անգամ է, որ առաջին նախագահը այդքան բաց տեսքտով նշում է, որ կիսում է այդ ուժերի օրակարգը, իսկ երկրորդ հերթին, այն միգուցե  ուղղված էր ժողովրդին, որը վախի, տագնապի զգացողություն հաղորդող տեքստ էր։

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ կոնսենսուսի գալու մասին Թագուհի Ղազարյանն ասաց, որ շատ տարօրինակ է համարում «Լուսավոր Հայաստանի»՝ ընտրությունների ժամկետների մասով նախապայմաններ առաջ քաշելը։ «Սա ինձ ստիպում է մտածել, որ Էդմոն Մարուքյանը այնքան էլ հակված չէ արտահերթ ընտրությունները տեսնել որպես ճգնաժամի լուծման եղանակ», - ասաց Ղազարյանը։

Պատգամավորը նշեց, որ եթե արտահերթ ընտրությունները լինեն հունիսի մեկից առաջ, ապա չենք հասցնի արտահերթ ընտրությունների գնալ նոր ընտրական օրենսգրքով։ Եվ Էդմոն Մարուքյանը, ըստ էության առաջարկում է կա՛մ գնալ ընտրությունների եղած ընտրական օրենսգրքով, կա՛մ սպասել հերթական ընտրություններին։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, Թագուհի Ղազարյանը նշեց, որ փոփոխությունները բազմաթիվ են, սակայն էական փոփոխությունները վերաբերում են ռեյտինգային համակարգը փակ համամասնական համակարգով փոխարինելուն, անցողիկ շեմերի փոփոխությանը, ֆինանասական թափանցիկության ապահովան հետ կապված փոփոխություններին, որովհետև, ըստ պատգամավորի, նախկին համակարգերի դեպքում ընտրությունները հիմնականում եղել են գումարի և ռեսուրսների մրցավազք։ Առաջարկվող փոփոխություններով կկարգավորվի նաև կուսակցությունների հետ ասոցացվող բարեգործական հիմնադրամների գործունեությունը։