Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արա Այվազյանը Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ մտքեր է փոխանակել ԼՂ հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ

Արա Այվազյանը Ֆրանսիայի իր պաշտոնակցի հետ մտքեր է փոխանակել ԼՂ հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ
Քաղաքականություն
21:32, 11 февраль 2021
ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

«Ի շարունակումն նախկինում ունեցած շփումների` ԱԳ նախարարները համընդգրկուն քննարկում ունեցան տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձ կատարեցին Արցախում հումանիտար իրադրության և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը` ընդգծելով Ադրբեջանի կողմից այդ գործընթացում խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը։ Այս առնչությամբ ԱԳ նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի իր գործընկերոջը հարցը օրակարգում մշտապես բարձր պահելու համար:

ԱԳ նախարարները շեշտեցին ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում և մտքեր փոխանակեցին համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև երկկողմ օրակարգի հարցեր։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնարարությամբ Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի պատվիրակության վերջերս Հայաստան կատարած այցը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները տեղում քննարկելու համար, մտքեր փոխանակվեցին այցի արդյունքներով ձեռնարկվելիք հետագա քայլերի շուրջ։

ԱԳ նախարարներ Այվազյանը և Լը Դրիանը կարևորեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների շարունակականությունը»,- ասված է հաղորդագրությունում: