Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պոպուլիստական հայտարարությունների շղարշի ներքո պայքարում եք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դեմ. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

«Իսկ ինչո՞ւ դուք այս դահլիճ քննարկման չեք բերել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը, որը դուք վիճարկել եք ՍԴ-ում: Աջ կողմում գտնվող պատգամավորները, որոնցից, ի դեպ, 6 հոգի անցնում է այդ օրենքով, ՍԴ-ում վիճարկում են այդ օրենքի սահմանադրականությունը»,- այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հավելեց, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշեց, սակայն, բալային համակարգը չտանել ՍԴ:

Նրա խոսքով՝ դահլիճում հայտարարությունների, ելույթների մակարդակով տեղի ունեցողը ընդամենը շղարշ է, որի տակ կարելի է պայքարել հենց իրենց հիմնական ու կենսական շահերի համար, այն է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի պաշտպանությունը, պահպանումը և հարատևումը: 

«Իսկ սոցիալական ծրագրերի և այլնի մասով այս խմբակցություններն իրենց իսկական դեմքն ու վերաբերմունքը ցույց են տվել իրենց իշխանության տարիներին և Կառավարության ծրագրին դեմ քվեարկելով: Իսկ հիմա այդ Կառավարության ծրագրից պատառ-պատառ անելն ու ժամանակավրեպ ձևով ներկայացնելը խորհրդարանին ընդամենը պոպուլիստական շղարշ է, որի տակ նրանք պայքարում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դեմ»,- ընդգծեց Վահագն Ալեքսանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: