Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վեդիում ՏԻՄ ընտրություններին կպայքարի երկու ուժ․ «Հանրապետություն» կուսակցությունը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրապայքարին

Վեդիում ՏԻՄ ընտրություններին կպայքարի երկու ուժ․ «Հանրապետություն» կուսակցությունը որոշել է  չմասնակցել արտահերթ ընտրապայքարին
Քաղաքականություն
15:29, 01 март 2022
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին տեղի կունենան  ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ վերջերս ձեւավորված «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ու  «Քաղաքացիական պայմանագիր»-ը։  «Հանրապետւթյուն» կուսակցությունը, որը եւս առաջադրվել էր նախորդ տարի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում,  որոշել է չմասնակցել արտահերթ ընտրապայքարին։ 

Հիշեցնենք, որ Կառավարությունը 2022 թվականի հունվարի 4-ին Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում էր կայացրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կայացած ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավար Արամ Սարգսյանը Արարատի մարզից է, ստացել էր ամենաքիչ ձայները՝ 3299 քվե։ Այսպիսվ՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել ստանալ 50+1% քվե, հետեւապես  չէր կարող ինքնուրույն համայնքի ղեկավար  ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Ընտրությունների մասնակցած ուժերից «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, ինչից հետո Կառավարության որոշմամբ նոր ընտրություն նշանակվեց։ 

 Ըստ ոստիկանության ներկայացրած տվյալների՝ 21․01․2022թ․-ի տվյալներով  Վեդի համայնքը 37, 198 ընտրող ունի։