Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիսանախագահականի անցնելու ցանկությունը պայմանավորված է նոր իրողություններով. Վահագն Հովակիմյան

Կիսանախագահականի անցնելու ցանկությունը պայմանավորված է նոր իրողություններով. Վահագն Հովակիմյան
Քաղաքականություն
16:29, 18 март 2021
Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական կառավարման համակարգ ունեցող Հայաստան, ո՞րն է ավելի կայուն ու անվտանգ պետություն ունենալու երաշխիք: Վերջին շրջանում այս հարցը դարձել է ՀՀ ներքաղաքական օրակարգի թեմաներից մեկը:

NewArmenia.am-ը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ քննարկել է՝ արդյոք հանձնաժողովի օրակարգում այս հարցը եղե՞լ է: Հովակիմյանը նախ նշեց, որ  հանձնաժողովը վերջին նիստին ամփոփել է  կատարված աշխատանքը, որն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու հանձնաժողովի համակարգող Եղիշե Կիրակոսյանը պետք է ներկայացնեն վարչապետին՝ առաջարկելով հանձնաժողովի հետագա աշխատանքների տարբերակներ: Պատգամավորի խոսքով՝ կիսանախագահական կառավարման անցնելու հարցը մինչ այս իրենց հանձնաժողովում չի քննարկվել:

«Վարչապետն առաջին անգամ կիսանախագահական կառավարման անցնելու մասին խոսել է Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ: Կիսանախագահականի անցնելու ցանկությունը պայմանավորված է նոր իրողություններով, իսկ մինչ այդ բազմիցս, ինչպես վարչապետն, այդպես էլ մենք՝ հանձնաժողովի անդամների զգալի մասը, հայտարարել ենք, որ երկրի կառավարման համակարգի փոփոխության հարց չի քննարկվել, բայց նոր իրողություններում մեր հանձնաժողովի անդամների զգալի մասի մոտ էլ կարծիք է ձևավորվել, որ պետք է քննարկել կառավարման կարգի փոփոխման հնարավորությունը»,- ասաց նա։

Հովակիմյանը նշեց, որ հանձնաժողովի վերջին հանդիպմանն էլ քննարկվել է Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի գործունեության վերագնահատման հարցը:

«Նոր իրողությունները ցույց են տալիս, որ խորհրդարանական կառավարումը պետության կայունության համար շատ մեծ վտանգներ է պարունակում: Պնդումները, որ պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգի, ավելի նոր իրողությունների ֆոնին փաստարկված են դառնում: Ենթադրում եմ, որ հանձնաժողովի աշխատանքների վերսկսումից հետո հարցն օրակարգում կլինի, որովհետև իրավաբանների, քաղաքական գործիչների մի զգալի մասի մոտ այս համոզմունքը կա: Բնական է, որ  նախկինում բարձրացվել է հարցը, քանի որ խորհդարանական կառավարումը մեզ պարտադրել են, բայց չէինք կարող անտեսել, որ արդեն խորհդարանական կառավարման համակարգով ենք ու պետք է փորձեինք այդ համակարգը լավացնել»,- ընդգծեց Վահագն Հովակիմյանը:
Հարցին՝ ինչպես է հանձնաժողովն արդյունավետ աշխատելու, եթե ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական ընդդիմությունը չի համագործակցում իշխանության հետ, Հովակիմյանը պատասխանեց.

«Ներկայում բոլորը պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և  գործընթացները նախընտրական տրամաբանության մեջ են: Հասկանալի է, որ այս տրամադրությունների մեջ ակնկալել, որ  սահմանադրական փոփոխությունների հանձանաժողովը կսկսի աշխատել, իրատեսական չէ: Ավելի իրատեսական է խորհրդարանական արտահերթ ընտրություններից, նոր խորհրդարանի կազմավորումից հետո»: